Շատերս զարմանում ենք, երբ Աստծո ծառաներից մեկը ննջում է կամ հանդիպում դժվարությունների: Շատերը սկսում են մեղադրել, հարցեր տալ, փորձել գտնել բացատրություններ, ու երբ չեն կարողանում հասկանալ Աստծո կամքը, սկսում են ենթադրություններ անել, մտածել, որ այդ ամենը գուցե մեղքի հետևանք էր կամ որևէ այլ պատճառ կար:

Ո՛չ, սիրելինե՛ր, Աստծո ողորմությունն ու կարողությունը մեծ է ու զորավոր: Ինչո՞ւ այդպես եղավ, որովհետև Աստված այդպես կամեցավ, Աստված Ինքն այդպես ուզեց: Աստված ընտրեց իր ծառաներից մեկին, ով ծառայելու սիրտ ուներ, սիրում էր Աստծուն ու մարդկանց, ով ձեռնադրվելուց հետո ընդամենը կարողացավ մի հրաշալի վկայություն տալ, որից հետո դատապարտվեց մահվան: Այդ մարդը Ստեփանոսն էր (Գործք. առ. 6.3-8):

Սուրբ Գիրքն ասում է, թե ինչպես ոմանք զրպարտեցին Ստեփանոսին՝ մեղադրելով, թե խոսում է Մովսեսի սովորությունների դեմ: Երբ Ստեփանոսին տարան ատյան և սկսեցին մեղադրել, ներկաները տեսան, որ «երեսը հրեշտակի երեսի նման» էր:

Ստեփանոսը զորավոր էր թե՛ իր գործերով, թե՛ խոսքով: Ի՞նչ եք կարծում. մի՞թե Աստված չէր կարող արգելել այդ մարդկանց՝ քարկոծել Ստեփանոսին: Իհարկե՛, կարող էր, բայց կա Աստծո կամք, և որքան էլ հարցեր տանք մեզ, միևնույն է, պետք է փաստենք, որ այդքան էր նրա ժամանակը: Ստեփանոսը հավաքված ատյանին մանրամասնորեն սկսեց ներկայացնել և վկայել Աստծո Խոսքը՝ սկսած Աբրահամից մինչ Հիսուս Քրիստոս (Գործք. առ. 7.54-59):

Ստեփանոսը զորավոր մեկն էր, ու թեև նրա կյանքն ու ծառայությունը շատ կարճ տևեց, բայց այն տեղ գտավ Աստվածաշնչում ու մեզ համար օրինակ դարձավ:

Աստված ծրագիր ունի յուրաքանչյուրիս համար: Ոչ ոք չգիտի, թե երբ կհասնի իր ժամանակը, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ մեր կյանքը Աստծո մեջ է: Աստված կարող է պահել յուրաքանչյուրիս, բայց մենք չենք որոշողը, թե Աստված երբ մեզ պահի, երբ՝ ոչ: Հիսուսին ուզում էին քարկոծել, բայց նա անցավ մարդկանց միջով, Պողոսին քարկոծեցին, կարծեցին, թե մահացել է, բայց քիչ անց ոտքի կանգնեց ու մտավ քաղաք:

Մենք կարող ենք այս երկրից հեռանալ ցանկացած ժամանակ ու ցանկացած պատահարի հետևանքով կամ խաղաղ քնելով. դա ինչ-որ բանի հետևանք չէ:

Եկե՛ք պատճառներ չփնտրենք: Եթե Աստված կամեցել է ինչ-որ մեկին տանել՝ անկախ նրանից, թե դա ինչ եղանակով կլինի, պետք է խոնարհվենք Աստծո կամքի առաջ: Մենք չենք ժամկետներ որոշողը, որոշողն Աստված է:

Երանի՜ թե մեր ամեն օրն ապրենք Աստծո համար, քանի ժամանակ ունենք…

28.08.2016

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.