Այս խառնաշփոթ աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններից ո՞րն է Աստծո մեծագույն անհանգստությունը: Աստվածաշունչը մեզ ասում է. «Ահա Տիրոջ աչքը նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում» (Սաղմոս 33.18):

Մեր Տերը տեղյակ է երկրագնդի վրա կատարվող յուրաքանչյուր շարժման, ամեն կենդանի արարածի մասին: Եվ նրա ուշադրությունը շարունակում է կենտրոնացած լինել հիմնականում Իր զավակների բարեկեցության վրա: Նա Իր հայացքը ուղղում է իր հոգևոր մարմնի յուրաքանչյուր անդամի ցավերի և կարիքների վրա: Պարզ ասած՝ այն ամենը, ինչ ցավ է պատճառում մեզ, վերաբերում է Իրեն:

Դա ապացուցելու համար Հիսուսն ասաց. «Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ» (Մատթեոս 10.28): Նույնիսկ համաշխարհային մեծ պատերազմների ժամանակ Աստծո հիմնական մտահոգությունը բռնակալների վրա չէր: Նրա ուշադրությունը կենտրոնացած էր Իր զավակների կյանքի յուրաքանչյուր հանգամանքի վրա:

Հաջորդ համարում Քրիստոսն ասում է. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր» (Մատթեոս 10.29): Քրիստոսի երկրային կյանքի օրերում ճնճղուկներն աղքատի կերակուր էին, և երկուսը վաճառվում էին մեկ կոպեկի արժեքով: Սակայն Հիսուսն ասաց. «Այս փոքրիկ արարածներից և ոչ մեկը չի ընկնում գետնին, առանց ձեր Հոր իմացության»:

Այս համարում Հիսուսի կողմից «ընկնել» բառի օգտագործումը նշանակում է ավելին, քան ուղղակի թռչնի մահը: Արամերենով թարգմանած՝ նշանակում է «գետինը լուսավորել»:

Տերը, ըստ էության, նկատի ունի. «Ձեր Հոր հայացքը ամեն մի ճնճղուկի վրա է ոչ միայն այն ժամանակ, երբ այն սատկում է, այլ նույնիսկ այն ժամանակ, երբ լուսավորում է գետինը: Երբ ճնճղուկը սկսում է թռչել սովորել, ցած է նետվում իր բնից ու սկսում ցատկոտել գետնի երկայնքով: Եվ Աստված տեսնում է այդ ճնճղուկի ունեցած ամեն մի փոքրիկ պայքարը: Նա մտահոգված է նրա կյանքի յուրաքանչյուր մանրուքով»:

Հիսուսը շարունակելով ավելացնում է. «Ուրեմն մի վախենաք. Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք»(10.31): Իսկապես, Նա ասում է. «Ձեր գլխի բոլոր մազերը հաշված են» (10.30): Նա, Ով արարել ու հաշվել է բոլոր աստղերը, Ով գալակտիկաները պահում է իրենց սեփական ուղեծրում, ուշադրությամբ հառել է Իր հայացքը ձեզ վրա և հարցնում. «Մի՞թե դուք շատ ավելի արժեքավոր չեք, քան նրանք»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.