Հիսուսի և Եկեղեցու հարությունը
Որովհետեւ, Տերն Ինքը հրամայական գոչյունով, հրեշտակապետի ձայնով, Աստծո փողով կիջնի երկնքից, եւ նախ Քրիստոսով մեռածները պիտի հարություն առնեն. հետո մենք, եթե ողջ մնանք, նրանց հետ միասին պիտի հափշտակվենք ամպերով՝ օդի մեջ Տիրոջը դիմավորելու. եւ այդպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք: Ա Թեսաղ. 4․15,16
Երբ Հիսուսը հարություն առավ, դեռ մութ եւ վաղ առավոտ էր: Ոչ թե արեւը, այլ առավոտյան աստղն էր, որ փայլում էր նրա դատարկ եւ բաց գերեզմանի վրա: Դեռ ստվերները չէին հեռացել եւ Երուսաղեմի բնակիչները չէին արթնացել: Քնելու ժամ էր, եւ Նրա Հարությունը քնածների քունը չխանգարեց: Ճիշտ այդպես էլ, առավոտ կանուխ, երբ դեռ մութ է եւ միայն առավոտյան աստղն է փայլում հարություն պիտի առնի Հիսուսի մարմինը՝ Եկեղեցին: Ինչպես Հիսուսը, այնպես էլ Իր սուրբերը պիտի արթնանան, երբ խավարի ու մթի որդիները, իրենց մահվան քնով են քնած լինելու։
Ոչ ոք Եկեղեցու հարությանը չպետք է խանգարի: Աշխարհը չպետք է լսի նրանց արթնացնող եւ վեր կացնող ձայնը: Ինչպես Հիսուսը Իրեն հավատացողների մարմինները մոր գութով լուռ եւ խաղաղ հանգստացնում է գերեզմանի մեջ, այնպես էլ լռությամբ եւ փափկությամբ պիտի արթնացնի նրանց, երբ ժամանակը հասնի:
Նրանց համար պիտի երգվի «Արթնացեք եւ ցնծությամբ երգեցեք, ով հողի մեջ բնակվողներ» (Եսայա 26․19): Նրանց վրա եւ նրանց շուրջբոլորը պիտի ծագեն այդ առավոտյան առաջին փառավոր շողերը: Արեւածագին խաղաղությունը, հաճելի բույրը, կազդուրիչ թարմությունը, քաղցր առանձնությունը, խաղաղ մաքրությունը, այս բոլորը նրանցը պիտի լինեն հավիտյան: Վեր. Հ. Բոնար
Աղբյուրը՝ «Վտակներ անապատի մեջ» գիրք