Հետևել նրան, ինչ խոսում եք. Ջոյս Մայեր
Դուք պատրա՞ստ եք հետեւել նրան, ինչ խոսում եք։ Այդ դեպքում կհայտնաբերեք, որ դուք, ինչպես եւ մյուսները, ասում եք շատ բաներ, որոնք ոչ մի դեպքում չեք ցանկանա, որ կատարվեն ձեր կյանքում։ Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ավելացնել կամ պակասեցնել մեր խաղաղության եւ ուրախության չափը պարզապես այն բանով, թե ինչ ենք խոսում։ Եվ եթե ես ճիշտ եմ, ինչո՞ւ չասել այնպիսի բան, ինչը կուրախացնի ձեզ տխրեցնելու փոխարեն։
Հավատքով խոսելը ձեր նոր կյանքի մասն է. այնպես որ սկսեք անել դա հիմա։ Դուք կարող եք հռչակել այսպիսի խոսքեր.
- Աստված սիրում է ինձ եւ բարի ծրագիր ունի իմ կյանքի համար։
- Ես բարեհաճություն ունեմ, ուր էլ որ գնամ։ Այն ամենը, ինչին դիպչում է իմ ձեռքը, բարգավաճում եւ հաջողվում է։
- Աստված բացում է ճիշտ դռներ ինձ համար եւ փակում է սխալ դռները։
- Ես վարվում եմ իմաստությամբ։
- Ես լցված եմ խաղաղությամբ։
- Ես ուրախ եմ։
- Ես վարվում եմ սիրով։
- Այսօր ինձ հետ ինչոր բարի բան է կատարվելու։
- Իմ բոլոր երեխաները սիրում են Աստծուն եւ ծառայում են Նրան։
- Իմ ամուսնությունն ավելի ու ավելի լավն է դառնում ամեն օր։
- Ես օրհնված եմ, ուր էլ որ գնամ։
Այս ցուցակը բառացիորեն կարող է անվերջ լինել։ Պարզապես վստահ եղե՛ք, որ այն, ինչ ասում եք, համապատասխանում է Աստծո Խոսքին։ Աստծո հետ համաձայնության գալը լիովին նոր աշխարհ կբացի ձեզ համար։ Աստծո ծրագիրը կկատարվի ձեր կյանքում, եւ սատանան ոչ մի կերպ չի կարողանա կանգնեցնել այն։
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը
Աղբյուրը՝ «Նոր կյանք» գիրք