Երբ ես փոքր էի, ծնողներս ամուսնալուծվեցին։ Ես սկսեցի ապրել տատիկիս հետ ու մի օր էլ հայտնվեցի մանկատանը, որտեղ հիմնականում ապրում էին որբ երեխաները: Դրանից հետո ինձ տեղավորեցին գիշերօթիկ դպրոցում, որտեղ երեխաների 95 տոկոսը որբեր էին, 5 տոկոսը` միակողմանի ծնողազուրկներ կամ երեխաներ, որոնց ծնողները կային, բայց իրականում չկային:

Նույնիսկ ես, ունենալով և՛ հայր, և՛ մայր, ինձ որբ էի զգում: Մեզ հագցնում էին, կերակրում, պառկեցնում էին քնելու, հետևում էին մեր առողջությանը, կրթում էին, ինչպես բոլոր մանկատներում, բայց մենք մեզ զգում էինք որբերի պես: Ամբողջ շաբաթ մենք լինում էինք գիշերօթիկ դպրոցում, և միայն շաբաթ օրը՝ ժամը 15:00-ից հետո, մեզ թույլատրում էին լքել դպրոցի տարածքն ու այցելել բարեկամներին, եթե այդպիսիք գոյություն ունեին: Կային երեխաներ, որ երբեք դուրս չէին գալիս դպրոցի տարածքից, քանի որ չունեին գեթ մեկ բարեկամ կամ հարազատ, ում կարող էին այցելել։

Երկուշաբթի առավոտյան մենք արդեն պետք է լինեինք գիշերօթիկ դպրոցում մեր դասաժամերին:

«Որբ» բառը ես գիտեմ ոչ թե լսելով, այլ իմ կյանքի բերումով:

Մի անգամ կարդում էի Հովհաննես Ավետարան 14.18 խոսքը, որտեղ Հիսուսն ասում է. «Ձեզ որբ չեմ թողուր, կու գամ ձեզի»։

Ուսումնասիրելով Ավետարանը` ես համոզվեցի, որ աշակերտները որբ չէին, նրանք ծնողներ ունեին: Ուրեմն՝ ի՞նչ նկատի ուներ Տերը, երբ ասում էր. «Ձեզ որբ չեմ թողուր, կու գամ ձեզի»: Այդ ժամանակ ես հասկացա, որ որբը նա չէ, ով առանց ծնողների է մնացել, այլ նա է, ով մնացել է առանց Աստծու, առանց ճշմարիտ Հոր, Ով երկնքում է, Ով քեզ երբեք չի թողնի, նույնիսկ եթե քեզ լքեն քո իրական ծնողները: Աստված քեզ տվել է իշխանություն` կոչվելու և լինելու Աստծու որդի. «Տեսէք, Հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզի, որպէս զի մենք Աստուծոյ որդիներ ըսուինք» (Ա Հովհաննես 3.1):

Թանկագի՛ն ընթերցող, իմացի՛ր, որ երբ դու ճանաչես ճշմարիտ Աստծուն` ունենալով Նրան քո սրտի մեջ, դու արդեն ոչ թե որբ կլինես, այլ՝ Աստծու որդի` Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով մեր Տերն ու Փրկիչն է։

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.