Միայն կյանքի փոթորիկների մեջ ես հասկանում, թե ով է Հիսուսն իրականում: Դու տեսնում ես, որ Նա սոսկ մարդ չէ: Նա պարզապես լավ ուսուցիչ չէ կամ քաղաքավարության առաջնորդ: Նա Աստված է, տիեզերքի Արարիչը:

Մարկոս 6-րդ գլխում Հիսուսը նկատում է, որ աշակերտները փորձանքի մեջ են: Նրանք լճի կենտրոնում էին, ուր քամին և ալիքները հարվածում էին իրենց նավին: Եվ Հիսուսը դեպի նրանց քայլեց ջրի վրայով:

«Իսկ նրանք, երբ տեսան Նրան ծովի վրայով քայլելիս, կարծեցին թե ուրվական է, և աղաղակեցին, որովհետև նրանք բոլորն էլ տեսան Նրան ու շփոթվեցին: Եվ Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջ եղե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք» (Մարկոս 6.49-50):

Աշակերտները մինչ այդ որոշ կասկածներ ունեին, որ գուցե Հիսուսը պարզապես մի լավ մարգարե է, Ով կարող է հրաշքներ գործել: Բայց ջրի վրայով քայլելով՝ Հիսուսը բացահայտվեց որպես շատ ավելի մեծ մեկը, քան պարզապես մարդ: Նա ցույց տվեց նրանց, որ Ինքն Աստված է:

Նա նաև նրանց կոչ արեց. «Մի՛ վախեցեք»: Եվ վստահեցրեց նրանց, որ Ինքը «Ես եմ»-ն է:

Աստծո անունը «Ես եմ» է, այլ ոչ «Ես էի» կամ «հույս ունեմ՝ Ես կլինեմ»: Երբ Հիսուսն ասում է. «Ես եմ», նկատի ունի, որ դու չպետք է վախենաս: Նա Աստված է: Եվ դա բավարար է:

Եթե դու անցնում ես փոթորկի միջով, քեզ պետք չէ աշխատանք, քեզ պետք է Հիսուս: Քեզ պետք չէ ծրագիր, քեզ պետք է Փրկիչ: Քեզ պետք չէ նոր նպատակ, քեզ պետք է Աստված:

Երբ դու անցնում ես փոթորկի միջով, հիշի՛ր, որ Աստված հեռվում չէ, կա՛մ անտարբեր, կա՛մ կապ չունեցող: Նա «Ես եմ»-ն է: Եվ Նա քեզ դուրս կբերի փոթորկից:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ Pastor Rick's Daily Hope

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.