Աղոթել ու չձանձրանալ
Ամեն ժամանակ պետք է աղոթել ու չձանձրանալ: Ղուկաս 18.1
Մի անգամ Թիմուրլենքը իր թշնամիներից հալածված, ապաստան գտավ մի ավերակ տան մեջ: «Հուսահատ եւ տխուր նստել էի,- ասում է նա,- երբ տեսա մի մրջյուն, որը վերցրած իրենից շատ մեծ գարիի հատիկը մագլցում էր պատով դեպի վեր: Հաշվեցի, որ փոքրիկ մրջյունը վաթսունինը անգամ վայր ընկավ, հատիկն էլ իր հետ, եւ վերջապես յոթանասուներորդ անգամ նրան հաջողվեց հասնել պատի գագաթը: Նա հարատեւած եւ հաջողած էր իր նպատակի մեջ: Սա անմոռանալի դաս եղավ ինձ համար»:
Անցյալում չպատասխանված մեր աղոթքները մեզ թուլացնում են մեր ջերմեռանդության մեջ, որովհետեւ նրանք հավատքով եւ հարատեւությամբ չէին արված: Երբ ուշանում է մեր աղոթքի պատասխանը, մեր հավատքը ավելի հստակ պետք է ցույց տա, որ նրա պատասխանը շատ ավելի մոտ է: Մեր Տերոջ աղոթքի կյանքին սկզբից մինչեւ վերջ հետեւելով սովորում ենք, որ այն աղոթքը, որը չի հարատեւում եւ պարտադրաբար չի ներկայացնում իր նյութը նախորդ անգամից ավելի զորավոր եւ ճշմարիտ ակընկալությամբ, երբեք հաղթական աղոթք չի լինի:
Ռուբինշտեյնն ասել է.«Եթե ես միայն մեկ օր դադարեմ դաշնամուր նվագել, կզգամ նրա վնասը, եթե երկու օր դադարեմ՝ կզգան բարեկամներս, իսկ եթե երեք օր դադարեմ՝ կզգա ժողովուրդը»: Հին առակը ասում է.«Հարատեւությունը կատարելության է հասցնում»: Մենք պետք է շարունակենք հավատալ, շարունակենք աղոթել ու շարունակենք Նրա Կամքը կատարել: Որեւէ արվեստի մեջ երբ չհարատեւենք, գիտենք, թե ինչ կարող է լինել արդյունքը: Այս օրենքը շատ ավելի իրական է հոգեւոր կյանքի մեջ, եւ եթե այն օգտագործենք, ուրեմն մեր կատարելության ճանապարհին ենք:
Դեյվիդ Լիվինգսթոնը ասել է.«Ես որոշել եմ երբեք կանգ չառնել, մինչեւ հասնեմ նպատակիս իրագործմանը»: Եւ իր աննկուն հարատեւությամբ եւ Աստծո վրա իր անպարտելի հավատքով նա հենց այդպես հաղթական էլ դուրս եկավ:
«Վտակներ անապատի մեջ» գրքից