Եթե ուզում ես, որ կյանքդ փոխվի, ապա քոնը դարձրու այս հինգ սովորությունները:

Սիրելի բարեկա՛մ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչու են որոշ մարդիկ հաջողվում իրենց արած գործերի մեջ, իսկ մյուսների կյանքում ասես ոչ մի բան չի ստացվում։ Պատասխանը փոքր թվացող սովորությունների ազդեցության մեջ է։ Ոմանց համար աննշան թվացող որոշ սովորությունների մեջ զորավոր ուժ կա պարփակված։ Երբեմն մենք սպասում ենք, որ մեր կյանքում մեծ փոփոխություններ տեղի կունանան, բայց իրականությունն այն է, որ ամենամեծ փոփոխությունները հաճախ սկսվում են փոքր, աննշան ու անկարևոր թվացող օրըստօրե կրկնվող գործողություններից, որոնք ժամանակի մեջ գումարվում են իրար և մեր կյանքում մեծ փոփոխությունների միջոց դառնում:

Ահա՛ մի քանի նման սովորություն, որոնք բարդ չէ կյանքի կոչելը և հրաշալի միջոց են փոփոխության հասնելու համար.

1. Եղի՛ր երախտապարտ: Երախտապարտ լինել նշանակում է մեր գոհությունն ու շնորհակալությունը հայտնել Աստծուն և մարդկանց: Հաճախ երախտագիտության դրսևորումը կարելի է սկսել «շնորհակալ եմ․․․» բառերով:

2. Փառաբանի՛ր Աստծուն: Երբ դու փառաբանում ես Տեր Հիսուսի անունը և թույլ ես տալիս, որ Սուրբ Հոգին գործի քո միջոցով, ապա Նրա զորությունը կարող է գործել նաև քո մեջ:

3. Խոսի՛ր Աստծո հետ: Սա նշանակում է աղոթքով երկխոսության մեջ մտնել քո Երկնային Հոր հետ:

4. Օգնի՛ր մյուսներին: Գուցե այսօր դու կարող ես ինչ-որ մեկին օգնել՝ որևէ ծառայություն անելով նրան, ինչպես բարի Սամարացին արեց՝ օգնելով ավազակների ձեռքն ընկած մարդուն:

5. Լսի՛ր Աստծուն: Դու կարող ես անել դա՝ Աստվածաշունչ ընթերցելով, ճիշտ քարոզներ լսելով, ինչպես նաև Տիրոջ առաջ լուռ ժամանակ անցկացնելով։ Լռելը լսելու լավագույն նախապայմանն է, երբ ինչ-որ մեկը խոսում է քեզ հետ:

Աստված քեզ համար առատ կյանք է նախատեսել, Քրիստոսի հավատարիմ հետևո՛րդ, որ կարդում ես այս տողերը:

«Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և ոչնչացնելու համար, սակայն Ես եկա, որ կյանք ունենաք և առատ կյանք» (Հովհաննես 10.10):

Այս խոսքերը հենց այնպես չեն գրված։ Դրանք իրական են Տեր Հիսուսի հետևորդների համար: Դրանք կարող են իրական դառնալ նաև քո՛ կյանքում։ Սուրբ Հոգու օգնությամբ իրականացրո՛ւ այն փոփոխությունը, որն Աստված ակնկալում է տեսնել քո կյանքում: Պարբերաբար իրագործիր այսօրվա հինգ սովորությունները և կտեսնես քո կյանքի փոփոխությունը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.