Անչափելի խաղաղություն. Դեյվիդ Ուիլքերսոն
Հիսուսը գիտեր, որ աշակերտներին անհրաժեշտ էր մի այնպիսի խաղաղություն, որը նրանց կուղեկցեր ցանկացած իրավիճակում: Նա ասաց Իր աշակերտներին. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ» (Հովհաննես 14.27): Այս բառը զարմացրեց աշակերտներին: Նրանց համար դա անհասանելի խոստում էր. Քրիստոսի խաղաղությունը նրանց խաղաղությունը պետք է դառնար:
Այս տասներկու տղամարդիկ զարմանում էին այն խաղաղության վրա, որի ականատեսն էին Հիսուսի՝ վերջին երեք տարիների գործունեության ընթացքում: Նրանց Տերը երբեք չէր վախենում: Նա միշտ հանգիստ էր, երբե՛ք, ոչ մի հանգամանքում, չէր շփոթվում:
Աստվածաշնչում մենք կարդում ենք Քրիստոսի բարկության, նրա հուզմունքների, արտասվելու մասին: Բայց Նա ապրեց Իր երկրային կյանքը՝ որպես խաղաղ մարդ: Նա խաղաղություն ուներ Հոր հետ, խաղաղություն փորձության ժամանակ, խաղաղություն մերժման ու ծաղրանքի ժամանակ: Նա նույնիսկ խաղաղություն ուներ ծովում փոթորկի ժամանակ, երբ քնել էր նավի տախտակամածում, իսկ մյուսները սարսափից դողում էին:
Հիմա Հիսուսն այս մարդկանց խոստանում էր այդ նույն խաղաղությունը: Երբ աշակերտները լսեցին դա, նրանք, հավանաբար զարմացած միմյանց ասել են. «Այսինքն՝ մենք կունենանք այդ նույն խաղաղությունը, ինչ Նա ունի՞: Դա անհավանական է»:
Հիսուսն ավելացրեց. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ» (Հովհաննես 14.27): Սա չէր լինելու «թմրած» հասարակության, հարուստների և հայտնի մարդկանց ժամանակավոր խաղաղություն, ովքեր փորձում էին հոգեկան հանգստություն ձեռք բերել նյութական իրերով: Ո՛չ, սա հենց Քրիստոսի խաղաղությունն էր, խաղաղություն, որը գերազանցում էր մարդկային ողջ հասկացողությունը:
Երբ Քրիստոսն Իր աշակերտներին ու մեզ խոստացավ Իր խաղաղությունը, կարծես Նա նկատի ուներ. «Գիտեմ, որ ձեր ապագան ձեզ համար գուցե անորոշ է: Դուք նույնքանով չեք ընկալում նաև խաչն ու տառապանքը, որն Ինձ սպասվում է: Բայց Ես ուզում եմ ձեր սիրտը դարձնել խաղաղ վայր: Դուք չեք կարողանա առերեսվել այն ամենի հետ, ինչը սպասվում է ձեզ, եթե ձեր մեջ չկրեք Իմ մշտական խաղաղությունը: Դուք պե՛տք է ունենաք Իմ խաղաղությունը»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org