Այդ ի՞նչ արեցիր...
Երբեք չեմ հոգնում զարմանալ Աստծո ողորմածության վրա, որն արտահայտվում է մարդկանց ապստամբության ժամանակ։ Երբ մարդու սիրտը սկսում է շեղվել կյանքի ճանապարհից, Տերը գալիս է նրա մոտ եւ սկսում հարցեր տալ։ Նա հարցեր չի տալիս նրա համար, որ տեղեկության կարիք ունի կամ այնպիսի բան կա, որ չգիտի։ Ցանկացած հարց, որ Աստված տալիս է մարդուն, ապաշխարության եւ փրկության հնարավորություն է։
Երբ մարդը խախտեց Ծննդոց 2.17-ում գրված պատվիրանը, որտեղ Աստված պատվիրում էր չուտել բարու եւ չարի գիտության ծառից, Աստված նրան չորս հարց տվեց։ Այդ կերպ Հայրը նրան հնարավորություն տվեց պատասխանատվություն ստանձնել իր գործերի համար եւ ապաշխարել.
- Ծննդոց 3.9 «Ո՞ւր ես դու»:
- Ծննդոց 3.11 «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես»։
- Ծննդոց 3.11 «Արդյոք այն ծառից, որից քեզ պատվիրել էի չուտել, կերե՞լ ես»։
- Ծննդոց 3.13 «Այդ ի՞նչ ես արել»։
Երբ Աստված տեսավ՝ Կայենը թույլ է տվել, որ մեղքն իր կյանք մտնի, Նա հարցեր տվեց նրան.
- Ծննդոց 4.6 «Ինչո՞ւ ես բարկացել եւ ինչո՞ւ ես երեսդ կախել»։
- Ծննդոց 4.7 «Եթե բարին անես, չե՞ս ընդունվի»։
- Ծննդոց 4.9 «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։
Եվ կրկին լսվում է Աստծո ցավը, երբ Նա տալիս է նույն հարցը, որն արդեն տվել էր նրա ծնողներին.
- Ծննդոց 4.10 «Ի՞նչ ես արել»։
Խորհրդատվության կամ հովվական զրույցների ժամանակ ես եւ ամուսինս փորձում ենք կիրառել Աստծո կողմից օգտագործված մեթոդը։ Երբ մի մարդ կամ զույգ օգնության կարիք է ունենում, Սուրբ Հոգին առաջնորդում է ինձ, որ կոնկրետ հարցեր տամ եւ մեկ անգամ չէ, որ ստիպված եմ եղել հարցնել. «Ո՞վ է ձեզ համար Հիսուս Քրիստոսը։ Սուրբ Գիրք կարդո՞ւմ եք։ Ինչպե՞ս եք անցկացնում ձեր ազատ ժամանակը։ Ինչո՞ւ եք այդպես մտածում։ Ինչպիսի՞ նպատակներ ունեք եւ այլն»։
Անկեղծ ասում եմ ձեզ, որ ինձ չի հետաքրքրում մարդկանց անձնական կյանքը։ Եթե դա ինձնից կախված լիներ, ես կփակեի աչքերս ու ականջներս մյուսների խնդիրներից եւ կկենտրոնանայի միայն իմ նախասիրությունների վրա։ Ես հետաքրքրասիրությունից չեմ տալիս այդ հարցերը, այլ օգտագործում եմ Հոր մեթոդը, որպեսզի մարդիկ իրենց վրա պատասխանատվություն վերցնեն եւ վերադառնան սրբության ճանապարհ։ Եվ չնայած մարդիկ երբեմն ստում են՝ մերժելով Աստծո ողորմածությունը, չցանկանալով ապաշխարությամբ Նրա մոտ վերադառնալ, ես նորից ու նորից լսում եմ Աստծո նույն հարցը. «Ի՞նչ ես արել»։
«Որովհետեւ Աստված էր, որ Քրիստոսի մեջ աշխարհն հաշտեցրեց Իր հետ, նրանց հանցանքները չվերագրելով նրանց եւ մեզ հանձնարարեց հաշտության պատգամը։ Արդ, ուրեմն, մենք Քրիստոսի դեսպաններն ենք, ինչպես Աստված մեր միջոցով հորդորում է ձեզ, Քրիստոսի կողմից աղաչում ենք ձեզ՝ հաշտվեցե՛ք Աստծո հետ"(2 Կորնթացիներին 5.19,-20):
Հեղինակ՝ Վալենտինա Նևմերժիցկա
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը