Հաճախ կարող է թվալ, թե Աստված անտեսում է քեզ, երբ չի պատասխանում քո աղոթքին այնպես, ինչպես որ ակնկալում էիր։ Բայց Սուրբ Գիրքը տալիս է ավելի խորը պատկերացում, թե ինչու՞ է երբեմն Աստված լռում։

«Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. Նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից»(Սաղմոս 84.11)։

1.  «Լավ բաներ»-ի մասին քո և Աստծո պատկերացումները կարող են տարբերվել

Հնարավոր է՝ աղոթում ես ապագա կողակցի, երազած աշխատանքի կամ որևէ վիճակախաղ հաղթելու համար։ Ինչու՞ Աստված չի տալիս դրանցից որևէ մեկը կամ երեքը միասին։ Քանի որ, անգամ ամուսնանալը, նախընտրած աշխատանք ունենալը կամ շատ գումար վաստակելը թվում է, թե լավ է` Աստծո կարծիքը կարող է տարբերվել։

«Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. որքա՞ն աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից» (Մատթեոս 7.11)։

Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաներն ուրախ լինեն, սակայն ոչ նրանց առողջության հաշվին, ուստի մենք նրանց ամեն ուտելիս կոնֆետ չենք տալիս։ Ցանկանում ենք, որ լավ աշխատանք ձեռք բերեն, բայց չենք անում աշխատանքն իրենց փոխարեն` օգնելով իրենց սովորել պատասխանատվություն, և վատ որոշման հետևանքներն առավել օգտակար են իրենց կյանքի համար։ Վստահ եղի՛ր, որ Ասըված` քո Երկնավոր Հայրը, գիտի, թե ինչն է քեզ համար լավագույնը։ Եվ մինչ քո սիրտը կոտրված է Նրա «ոչ»-ից, հնարավոր է, որ Նա ազատում է քեզ  ինչ-որ մեծ գլխացավանքից։

2. Աստված սպասում է, որ հնազանդվես

Սուրբ Գիրքը հորդորում է ամուսիններին, որպեսզի հարգեն իրենց կանանց, որ իրենց աղոթքը չխափանվի (1Պետրոս 3.7)։

«Նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից»(Սաղմոս 84.11)։

Դու անարատությունո՞վ ես գնում։ Արդյո՞ք հնազանդ ես և հանձնել ես կյանքդ Հիսուսին։ Եթե ոչ, Աստված հնարավոր է չընդունի քո աղոթքը` վերադարձնելով քեզ իր կամքի և նպատակների մեջ։

3. Ճիշտ ժամանակը չէ

Աստված ունի երեք պատասխան` այո՛, ո՛չ և սպասի՛ր։ Քանի որ Նա տեսնում է, թե որն է մեզ համար լավագույնը, նաև տեսնում է գալիք բաները, որը մենք չենք տեսնում: Վստահիր Նրա դատողությանը։ Մի փորձիր կանխագուշակել Նրա կամքը։  Նրա ժամանակացույցը մշտապես ավելի լավն է, քան քոնը։ Եթե անարատությունով ես գնում և այն ինչ խնդրում ես իրոք բարի է, Աստված երբեք ոչինչ չի խնայի իր սիրելիի համար. պարզապես ժամանակը չէ։

4. Խնդրում ես կասկածով ու երկմտությամբ

Այն, թե ինչպես ենք աղոթում, նույնքան կարևոր է, որքան այն, թե ինչ ենք աղոթում։

«Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։ Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։Այն մարդը թող չկարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը» (Հակոբոս 1.5-8)։

«Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել, որովհետեւ Աստուծուն մոտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կլինի» (Եբր. 11.6)։

Այսպիսով, խնդրեք հավատքով՝ առանց երկմտելու և կասկածի։  Հնարավոր է՝ Աստված սպասում է, որ, իսկապես, հավատաս, թե այն ինչ խնդրում ես, Նա կարող է կատարել։

5. Աստված ավելի լավ բան ունի քեզ համար, քան այն, ինչ խնդրում ես

Աստված, գիտենալով, թե ինչն է մեզ համար լավագույնը, երբեմն ասում է ոչ կամ որևէ դուռ է փակում, քանի որ ունի շատ ավելի լավ բան մեզ համար: Նա այն Միակն է, ով կարող է կատարել «անասելիորեն ավելին»,քան մենք բոլորս կարող ենք խնդրել կամ պատկերացնել։ Վստահիր Նրա «ոչ»-ին։ Նա, իսկապես, բարի Հայր է։

Աղբյուրը` crosswalk.com

Թարգմանեց Աննա Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.