Աստված պատմություն է  կերտում օգտագործելով  մարդուն: 127-րդ Սաղմոսում գրված է. «Ահա որդիքը Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձքը։ Ինչպես որ նետերը զորեղ մարդի ձեռքում, այնպես են երիտասարդ որդիքը։ Երանի այն մարդին որ իր կապարճը նրանցով լցրեց. Նրանք չեն ամաչի երբ որ թշնամիների հետ կխոսեն դռան մէջ…»:

Զարմանալի է և մեծ պատիվ մեզ համար, որ մենք Ամենակարող Աստծո կողմից արժանացել ենք նման ուշադրության: Նա իրեն հնազանդվողներին համարում է ասես իր որովայնի պտուղը. Հարազատ զավակները, իսկ իրեն համեմատում է զորեղ նետաձիգի հետ, որն իր կապարճը լցրել է նետերով և երանություն է, եթե մենք իրոք իր կապարճի մեջ ենք: Տերը խոստանում է, որ այդ դեպքում մենք երբեք ամոթով չենք մնա և միշտ կհաղթենք: Նման ամենակատարյալ օրինակը Հիսուսն էր, Նա ամենահզոր ու դիպուկ նետը դարձավ Աստծո ձեռքերում ՝ ջախջախելով մեղքի հետևանքով առաջացած թշնամանքը մեր և Աստծո միջև և քանդելով հակառակորդի իշխանությունը մեզ վրա՝ նոր կյանք պարգևեց մեզ, իսկ երկինք համբարձվելուց առաջ մեզ պատվիրեց շարունակել իր գործը:

Սակայն, ցավոք, ոչ բոլորն են Տիրոջն ուրախացնում, ոչ բոլորն են ընդունում փրկությունը և հետևում Հիսուսին: Նրանք շարունակում են մնալ մեղքի և սատանայի գերության մեջ իրենց կամքով: Եվ ծառայեցնում են Աստծուց տրված իրենց որոշակի իշխանությունը չարին, հավանում ու տարածում են մեղքը, թշնամանքը, անհավատությունն ու պղծությունը:

Նրանք Տիրոջ կապարճում չեն, այլ հակառակորդի: Բայց Աստված ունի բազմաթիվ որդիներ՝ քրիստոնյաներ, որոնք եկեղեցու անդամներ են: Կարծես այստեղ պետք է ամեն բան որոշված լիներ՝ հասկանալ անձնական կոչումը, Աստծո ծրագիրը յուրաքանչյուրիս կյանքում և պատերազմել բարի պատերազմը: Բայց, ավաղ, այստեղ էլ խնդիրներ կան. եկեղեցում էլ ոչ բոլորն են «կապարճում» , ոչ բոլորն են վստահում հզոր ու անվրեպ Նետաձիգի հմտությանն ու զորությանը, և փորձում են դասավորել կյանքը ինքնուրույն, մենք մոռանում ենք, որ նետաձիգը ինքն է որոշում նետը արձակելու ճիշտ ժամանակն ու թիրախը։

Աստվածաշունչը փաստում է, որ Քրիստոսի մարմնում Սուրբ Հոգին բոլորին էլ գերբնական պարգևներով և պտուղներով է օժտել որոշակի նպատակի համար, բայց որոշներս մոռացության ենք մատնել մեր նախասահմանությունը:

Հիշենք Աստծո շնորհիվ ցնցող հաղթանակներ տարած քրիստոնյաներից ոմանց՝ Պողոս առաքյալ, Գրիգոր Լուսավորիչ, Մարտին Լյութեր, Բիլլի Գրեհեմ, Մայր Թերեզա, Կատրին Կուլման և այլն, նաև հազարավոր մարդիկ, որոնք գուցե ճանաչում չունեն հասարակության մեջ, բայց Աստված հասցրել է նրանց իրենց յուրահատուկ նշանակետին:

Կարծում եմ՝ զուր չենք վատնի մեր կյանքի մի քանի րոպեն, եթե նվիրենք այն մտորելուն. արդյո՞ք ես Տիրոջ կապարճի մեջ եմ և գիտե՞մ թե որն է իմ նշանակետը։ Քայլենք Աստծո կամքի մեջ, Նա երբեք չի վրիպում։

Լևոն Մարգարյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.