Հիսուսը բարեխոսում է քեզ համար. Ռիկ Ուորեն
«Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է» (Հռոմեացիս 8.34):
Աստված գիտի ամեն բան, ինչ տեղի է ունենալու: Նա ամենագետ է: Դա նշանակում է, որ Նա գիտի և՛ անցյալը, և՛ ներկան, և՛ ապագան: Նա արդեն գիտի, թե ինչ է տեղի ունենալու քո կյանքում այս կեսօրին: Նա գիտի, թե ինչ է տեղի ունենալու քո կյանքում հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս, հաջորդ տարի և քո կյանքի մնացած բոլոր օրերում:
Սա նաև նշանակում է, որ Նա կարող է աղոթել ինչ–որ հարցի համար, մինչ այն կպատահի քեզ հետ:
Մեկ րոպե սպասիր. Աստված աղոթո՞ւմ է: Դուք նկատի ունեք՝ Աստված խոսո՞ւմ է Ինքն Իր հետ:
Դու ինքդ էլ հաճախակի խոսում ես ինքդ քեզ հետ: Երբ Աստված խոսում է Ինքն Իր հետ, դա ևս աղոթք է: Որպես հայր՝ ես հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում իմ երեխաների մասին: Եվ այո՛, Աստված անընդհատ խոսում է Ինքն Իր հետ քո մասին:
Հիսուսը խաչելության նախորդ գիշերը իր աշակերտների հետ էր: Պետրոսը պարծենում էր և ասում. «Տե՛ր, ես պատրաստ եմ անգամ քեզ համար մեռնել»: Հիսուսը սիրում էր Պետրոսին, բայց Նա գիտեր, որ Պետրոսը մի քիչ բռնկվող էր: Նա նաև գիտեր, որ հաջորդ առավոտյան Պետրոսը երեք անգամ ուրանալու էր Իրեն: Հիսուսը Ղուկասի 22.32-ում ասաց. «Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»: Հիսուսն արդեն աղոթել էր Պետրոսի այն «փոթորկի» համար, որի միջով նա պատրաստվում էր անցնել:
Ճիշտ նույն ձևով, Հիսուսն արդեն բարեխոսել է քո այն փորձությունների համար, որոնց միջով դու անցնելու ես այս տարի: Փաստորեն, Հիսուսը հենց հիմա երկնքում բարեխոսում է Իր զավակերի համար: Նա քո անունից խոսում է Աստծո հետ:
Հռոմեացիներ 8.34-ում ասվում է. «Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է»:
Հիսուսն աղոթում է քեզ համար, որպեսզի դու ի զորու լինես անցել քեզ սպասվելիք փոթորիկների միջով:
Ես սիրում եմ, երբ մարդիկ աղոթում են ինձ համար: Իրականում ես դա զգում եմ: Զգում եմ նաև հակառակը, երբ մարդիկ չեն աղոթում ինձ համար: Մի բան է, երբ մարդիկ են աղոթում քեզ համար, բայց մեկ այլ բան է, երբ Աստծո Որդին հենց Ինքն է բարեխոսում քեզ համար:
Աստվածաշունչն ասում է՝ անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնելու այսօր, հաջորդ շաբաթ կամ հաջորդ տարի, Հիսուսը բարեխոսում է քեզ համար: Նա քեզ հետ է: Եթե դու վստահես նրան՝ որպես քո կյանքի Փրկիչ, Նա կբարեխոսի քեզ համար Հոր մոտ:
Թարգմանեց ԱնիՆիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com