Ծաղիկների ժամանակը. Չարլզ Սպերջեն
«Նրա այտերը խունկերի ածուների ու անուշահոտ ծաղիկների պես են» (Երգ Երգոց 5.13)
Վերջապես եկավ ծաղիկների ժամանակը: Ողջ երկիրը ծաղկող գեղեցկություն է:
Ընկե՛րս, հագնվի՛ր եղանակին համապատասխան և գնա՛ երկնային մտքերի փունջ հավաքելու: Դու հրաշալի գիտես՝ որտեղ է գտնվում «բուրավետ ծաղկանոցը», քանի որ հաճախ ես շնչել «անուշահոտ ծաղիկների» բույրը:
Առանց հապաղելու գնա՛ քո Սիրելիի մոտ, և Նրա մեջ կգտնես գեղեցկություն և ուրախություն: Երբ Նրա դեմքը, որն այդքան դաժան ծեծվել է, այդքան հաճախ ողողվել է արցունքներով և ապականվել է թքով, բարեգթորեն ժպտում է, այն հաճելի անուշահոտություններ է տարածում:
Տե՛ր, դու չթաքցրիր երեսդ հարվածներից ու թքից, այդ պատճառով իմ գերագույն ուրախությունը Քեզ փառավորելն է: Այն ծածկված է տառապանքների կնճիռներով, ալ կարմիր արյան շիթերով, որոնք հոսում են փշե պսակով պսակված ճակատից: Անսահման սիրո այդ հետքերն իմ հոգին ավելի ուժգին են գերում, քան՝ գարնան ծաղկունքը:
Եթե չի հաջողվում տեսնել Նրա ամբողջ դեմքը, ես կցանկանայի տեսնել գոնե այտերը, քանի որ նույնիսկ նրան նետված թռուցիկ հայացքն ինձ լցնում է հոգևոր թարմությամբ և աննկարագրելի հիացմունք է բերում: Հիսուսի մեջ ես ոչ միայն անուշահոտություն եմ գտնում, այլև «բուրավետ ծաղկանոց», ոչ թե առանձին վերցված մի ծաղիկ, այլ ծաղիկների բազմազանություն:
Նա ինձ համար և՛ վարդ է, և՛ շուշան, և՛ մանուշակ, և՛ հինայի ծաղկաբույլ: Երբ Նա ինձ հետ է, ամբողջ տարին փթթում է գարունը, և իմ երջանիկ հոգին թարմանում է Նրա սիրո վաղորդյան եղյամով: Այն մխիթարություն է գտնում թռչունների դայլայլի մեջ, որոնք երգում են Նրա խոստումների մասին:
Թանկագի՛ն Տեր Հիսուս, թույլ տո՛ւր ինձ ամեն գործում ճանաչել Քեզ հետ անանց հաղորդակցության երանությունը: Ես արժանի չեմ քո ուշադրությանը, իսկ Դու բարեհաճեցիր ինձ սիրել:
Թույլ տո՛ւր սիրել Քեզ փոխադարձ սիրով:
Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը