Ո՞րն է ամուսնության աստվածաշնչյան բացատրությունը
Ծիծաղելի է՝ ինչպես են մեր ընկալումները փոխվում ժամանակի ընթացքում: Երբ երեխա էի, կարծում էի, թե ամուսնությունը խորհրդավոր սիրո մասին է: Սերն ինձ համար գոյական էր: Երբ դարձա չափահաս, մտածում էի ամուսնությունն այն է, թե ինչպես են երեխաներ ունենում: Ավագ դպրոցի տարիքում ամուսնությունն ինձ համար սիրո զգացմունք էր՝ պոեզիա, սիրային երգեր, մշուշոտ ու ջերմ զգացողություններ: Հետո համալսարանական տարիներին մտածում էի, որ ամուսնությունը ծառայություն է և գործողություն: Հիմա, երբ ես ու կինս՝ Ռեբեկան, արդեն տասներկու տարի է ամուսնացած ենք, ես բացահայտում եմ, որ ամուսնությունը շատ ավելի բարձ բան է:
Շատերը տարբեր պատկերացումներ ունեն ամուսնության վերաբերյալ: Եթե եղել եք ամուսնացած, ուրեմն՝ հայտնաբերած կլինեք, որ դուք և ձեր կողակիցն ունեք տարբեր պատկերացումներ, որոնք հավանաբար շատ վեճերի առիթ են հանդիսացել:
Այս ամենի կողքին կան նաև մի շարք ազգային ստեր, որոնք մեզ ասում են՝
· Ամուսնությունը սովորույթ է, որ մարդիկ են ստեղծել.
· Եթե ունենաս ճիշտ կողակից, կունենաս քիչ խնդիրներ.
· Ընտրելով չամուսնանալը՝ հարաբերություններում կազատվես խնդիրներից.
· Իմ ամուսնությունը կամ կողակիցը պետք է երջանկացնեն ինձ.
· Ամուսնալուծությունը որոշ դեպքերում միակ ելքն է:
Ցավալիորեն, ամուսնության վերաբերյալ շփոթություններն ու սխալ հասկացողությունները քանդել են Աստծո ստեղծած գեղեցիկ հանգույցը և խեղաթյուրել այն ուրախ ներդաշնակությունն ու սիրալիր, հնազանդ միջավայրը, որ Աստված նախատեսել էր ամուսնության համար: Եթե լինենք անկեղծ, ապա ազգային տեսակետները նույնպես օգնում են հարաբերություններին, քանի որ նայելով դրանց՝ մենք տեսնում ենք, թե ամուսնությունը «ինչ չէ», բայց ո՞վ կասի, թե ամուսնությունը «ինչ է», ո՞րն է ամուսնության աստվածաշնչյան բացատրությունը:
Աստվածաշնչում շատ տեղեր կարող ենք կարդալ ամուսնության մասին, բայց եկե՛ք բացենք Ծննդոց գիրքը և տեսնենք, որտեղ պարզորեն գրված է՝ Աստված տվեց ամուսնությունը վայելելու և Ավետարանը արտահայտելու համար:
Սկզբում Աստված ստեղծեց մարդուն՝ Ադամին, հողից ու դրեց Եդեմի պարտեզի մեջ: Բայց շատ շուտով Աստված վկայեց. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի, մի օգնական շինեմ նրա համար» (Ծննդոց 2.18): Աստված թույլ տվեց, որ Ադամը տեսնի իր կարիքը, հետո խորը քուն տվեց նրան, որ կատարի առաջին վիրահատությունը՝ Ադամի կողոսկրը վերցնելով և դրանից նրա համար կողակից ստեղծելով: Աստված Եվային չստեղծեց Ադամի գլխից, որ նրանից բարձր լինի կամ ոտքից, որ նրանից ցածր լինի, այլ՝ կողից, որ միշտ լինի Ադամի կողքին ու նրա հետ:
Աստված գործի դրեց մի նշանակալից իրադարձություն՝ «ամուսնություն» անվանմամբ և հայտարարեց. «Սրա համար տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կհարի իր կնոջը, և մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2.24):
Պատկերացրե՛ք՝ դա ի՜նչ գեղեցիկ հարսանիք էր: Աստված էր ամեն բան կազմակերպել: Իրենց ամուսնությունն Ադամն ու Եվան չէին ստեղծել: Սա շատ կարևոր է, քանի որ եթե Աստված է տվել և նախագծել մի բան, ապա Նա կհաստատի այն:
Թեև հետագայում մեղքը մեջտեղ եկավ և փչացրեց նրանց հարաբերությունները, ինչպես մեր օրերում է լինում, հիշե՛նք, որ Աստված է նախագծել ամուսնությունը, որ խորը ընկերության միջոցով զույգը զվարճանա, կիսի կյանքի փորձառությունները և ընտանիք կազմի:
Այս ամենի կողքին ամուսնությունը նաև պատկերում է Ավետարանը՝ համեմատելով Աստծո հարաբերությունը մեզ հետ, ինչպես ամուսնու հարաբերությունը կնոջ հետ: Պողոս առաքյալը պարզորեն բացատրում է, որ ամուսնությունն ավելի շատ Քրիստոսի մասին է, քան՝ մեր: «Սրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պետք է լինեն: Սա մեծ խորհուրդ է, բայց ես խոսում եմ եկեղեցու և Քրիստոսի մասին» (Եփեսացիս 5.31-32):
Մտածե'նք այս մասին. կատարելությունից հեռու երկու մարդիկ իրենց կյանքը կապում են միմյանց հետ՝ անկախ նրանից, թե անցյալում ինչ են արել կամ ապագայում նրանց ինչ է սպասվում՝ հիվանդություն և առողջություն, լավ ու վատ օրեր մինչև կյանքի վերջը: Ի՜նչ գեղեցիկ պատկեր է Քրիստոսի (փեսայի) և եկեղեցու (հարսի) հանդեպ ունեցած Իր անվերջանալի սիրո մասին:
Ամուսնությունն որքան շատ նման լինի Աստծո նախագծածին, աշխարհին այնքան ավելի շատ ցույց կտա Ավետարանը: Եվ զույգերն էլ որքան շատ կենտրոնանան Աստծո վրա, բնականաբար ավելի օրհնված ամուսնություն կունենան, քանի որ կկապվեն միմյանց հետ ամուր «երեք տակ պարանով»՝ ամուսին, կին և Աստված, որի մասին Սողոմոնը խոսում է Ժողովող 4.12-ում. «Երեք տակ պարանը հեշտությամբ չի կտրվի»:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ What Is the Biblical Definition of Marriage? (christianity.com)