Եկել եմ հետդ վիճելու…
-Գիտե՞ս՝ վշտացած եմ: Ինձ ասում են. «Ինչո՞ւ ես լաց լինում և ինչո՞ւ չես ուտում և ինչո՞ւ համար սիրտդ այդպես տրտում է…»: Մի՞թե կարող եմ ժպտալ ու ձևացնել, թե ամեն բան հիանալի է: Ո՛չ: Գիտեմ` Դու ինձ համար շատ բաներ ես արել, դեռ փոքր տարիքից ինձ հետ ես եղել, լսել, բարձրացրել: Երբ մեծացա, դու էլի հոգ տարար ինձ համար: Լավ ամուսին ունեմ, Նա ինձ սիրում է, շատ է սիրում, ես դա տեսնում եմ. նա ինձ համար ամեն ինչ անում է, իր ժառանգության կրկնապատիկն անգամ ինձ է թողել: Բայց… բայց միևնո'ւյն է, տրտում եմ, հասկացի'ր, ոչինչ չեմ կարողանում ուտել ու խմել: Արդեն հոգնել եմ երկարաձիգ գիշերների դառնահեծ կսկիծներից, այն արցունքներից, որ ողողում են անկողինս, և ես անկարող եմ որևէ բան փոխել:
Մի՞թե չես տեսնում հառաչանքս ու աղերսանքս, չե՞ս տեսնում սիրտս մաշող ցավը: Այո՛, շնորհակալ եմ ամեն բանի համար, որ արել ես իմ կյանքում, սակայն խնդրում եմ լուռ մրմունջով ու անտեսանելի արտասուքների մեծ օվկիանով լսի՛ր աղոթքս, վշտացած սրտիս մտիկ տո՛ւր, սրտիս փափագն իրականացրու:
Ահա՛, նայի՛ր այն կողմ, տե՛ս, կողքից կարծում են՝ արբեցող եմ, մինչդեռ անձայն հառաչանքով սիրտս եմ բացել Քո առջև: Մի՛ մերժիր ինձ, գիտեմ` սիրում ես ինձ: Բառեր անգամ արտաբերել էլ ուժ չունեմ, միայն նայի՛ր սրտիս խոսքերին ու արձակի՛ր ինձ խաղաղությամբ: Եկել եմ, եկել՝ հետդ կռվեմ, վիճեմ, խնդրեմ, աղերսեմ, սիրտս բաց անեմ:
Հենց Դու ես տվողը, օրհնողն ու աճեցնողը, ու Քեզ եմ եկել, Քո տուն եմ եկել ու ինձ համար մեկ է, թե ինչ կասեն կողքից` արբեցող կամ գինովցած մի չար կին: Թախանձանքիս պատասխանը Քեզանից եմ սպասելու, և իմ սիրտը Քեզանով է ուրախանալու: Սպասելու եմ պատասխանիդ:
-Աննա՛, գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը տա քո խնդրվածքը, ինչ որ Նրանից խնդրեցիր:
-Եվ Տերը հիշեց Աննային…
Աննա Հովհաննիսյան
Աղբյուրը՝ «Սերմնացան ամսագիր»