«Ես քեզ երբեք չեմ թողնի և ոչ էլ կլքեմ» (Եբրայեցիս 13.5)

Չկան խիստ անձնական բնույթի խոստումներ: Ինչ էլ Աստված խոստանա մի սուրբի, դա վերաբերում է բոլորին: Երբ Նա աղբյուրը բացում է  մեկի համար, դրանից կարող են բոլորը խմել: Երբ Նա պահեստը բացում է մեկի համար, մտնել ու կշտանալ կարող են նաև մյուսները: Նա խոսք է տվել Աբրահամին կամ Մովսեսի՞ն, նշանակություն չունի: Նա այդ խոսքը տվել է նաև քեզ՝ որպես ուխտի սերմ: Չկա՛ բարձրագույն օրհնություն, որ հասանելի չէ քեզ համար, և չկա՛ բարձրագույն ողորմություն, որ ավելորդ է քեզ համար: Հայացքդ ուղղի՛ր հյուսիս ու հարավ, արևելք և արևմուտք. այդ ամենը քոնն է: Բարձրացի՛ր Փասգայի գագաթը (Բ Օրինաց 3.27), զննի՛ր ողջ խոստացված շրջակա տարածությունը. այդ ողջ երկիրը քոնն է: Չկա՛ մի վտակ, որից չի կարելի կենարար ջուր խմել: Եթե այդ երկրում կաթ ու մեղր է հոսում, խմի՛ր ու կե՛ր, քանի որ երկուսն էլ քոնն են:

Միայն թե հաստատ հավատա՛, որովհետև Նա ասել է. «Ես քեզ երբեք չեմ թողնի և ոչ էլ կլքեմ»: Այս խոստումով Աստված Իր ժողովրդին տալիս է ամեն ինչ: «Ես քեզ չեմ թողնի»: Սա նշանակում է, որ Աստծուն հատուկ ցանկացած հատկանիշ մշտապես դրսևորվելու է քո բարօրության համար: Նա զորեղ է: Նա Իր զորությունը ցույց կտա նրանց անունից, ովքեր վստահում են Իրեն: Նա սեր է: Երկայնմտություն ցուցաբերելով՝ Նա կողորմի մեզ: Ինչ հատկանիշներից էլ բաղկացած լինի Աստծո բնույթը, դրանցից յուրաքանչյուրն ամբողջությամբ օգտագործվելու է մեր բարեկեցության համար:

Ամփոփե՛նք ասվածը: Չկա այնպիսի ցանկություն, պահանջմունք, կարիք ժամանակի կամ հավիտենականության մեջ, ոչ մի ողջ կամ մեռած բան ո՛չ այս, ո՛չ գալիք աշխարհում, ո՛չ հիմա, ո՛չ հարության ժամին և նույնիսկ երկնքում չկա այնպիսի մի բան, որ իր մեջ չներառի մեր համարը. «Ես քեզ երբեք չեմ թողնի և ոչ էլ կլքեմ»:

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.