«Չար օրում Դու ես իմ ապավենը» (Երեմիա 17.17)

Քրիստոնյայի ուղին միշտ չէ, որ լուսավորված է արևով: Ժամանակ առ ժամանակ պատահում են վատ եղանակի ու խավարի շրջաններ: Աստծո Խոսքում իմաստության մասին գրված է. «Նրա ճամփաները քաղցր են, և Նրա բոլոր շավիղները խաղաղություն են» (Առակաց 3.17):

Անվիճելի ճշմարտություն է այն, որ կրոնը կոչված է մարդուն երջանկություն տալու երկրի վրա և երանություն՝ երկնքում: Սակայն փորձը մեզ հուշում է, որ եթե նույնիսկ արդարների ճանապարհը «փայլող լույսի պես է, որ հետզհետե ավելի ու ավելի է փայլում՝ մինչև կատարյալ օրը հասնի» (Առակաց 4.18), ապա այդ լույսը ևս երբեմն խավարում է: Կյանքի որոշ շրջաններում ամպերը ծածկում են հավատացյալի արևը, և նա քայլում է խավարում՝ չտեսնելով լույսը: Քիչ չեն այնպիսիք, ովքեր կարճ ժամանակ ուրախացել են Աստծո ներկայությունից: Նրանք արևի ներքո ջերմացել են քրիստոնեական ընթացքի սկզբնական շրջանում, հանդարտ ջրերի մոտ խոտավետ արոտներում են քայլել, բայց հանկարծակի հայտնաբերել են, որ պարզ երկինքը ծածկվել է ամպերով:

Գեսեմի երկրում զբոսնելու փոխարեն նրանք թափառել են ավազոտ անապատում, հանդարտ ու հաճելի ջրերի փոխարեն գտել են դառնահամ ջրի բուռն հեղեղներ: Եվ այդ ժամանակ նրանք ասել են. «Եթե ես իրոք Աստծո զավակ լինեի, նման բան չէր պատահի»: Ո՜վ, դո՛ւ, խավարո՛ւմ քայլող, նման բան մի՛ ասա: Քրիստոսով լավագույն սրբերը պարտավոր են խմել այդ գավաթը:

Նրա ամենաթանկագին զավակները պարտավոր են տանել իրենց խաչը: Ոչ մի հավատացյալ չի վայելել մշտական բարեկեցություն, և մեկ անգամ չէ, որ վերահաս դժբախտության առաջ բացվել են դարպասները: Տերը սկզբում քեզ համար հարթ, անամպ ճանապարհ էր սահմանել, որովհետև դու թույլ ու երկչոտ էիր: Իսկ այժմ, երբ դու հոգևորապես ամրացել ես, քեզ սպասում է հասունության դաժան փորձություն: Մեզ հարկավոր են քամիներ ու փոթորիկներ, որոնք կփորձեն մեր հավատը, կկոտրեն ինքնագոհության ճյուղերը, բայց ավելի խորը կհաստատեն մեզ Հիսուս Քրիստոսում:

Աղետի օրը որոշում է մեր փառավոր հույսի իրական արժեքը:

Աղբյուրը՝ «Աստվածաշնչյան ընթերցանություն» գրքից

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.