Հովհաննես Ավետարանի 6-րդ գլուխն ամբողջությամբ պարունակում է Սուրբ Գրքի՝ ինձ համար ամենադժվար հատվածներից մեկը, որովհետև այն խոսում է այն հետևորդների մասին, ովքեր ի վերջո դրժում են Քրիստոսին: Այստեղ նկարագրվում է մի տեսարան, երբ մարդիկ բառացիորեն թողեցին Հիսուսին (տե՛ս Հովհաննես 6.66):

Հիսուսը հրաշքով կերակրել էր բազմահազարանոց ժողովրդին: Մարդիկ զարմացել և ոգևորվել էին Նրա արածից՝ պատրաստ լինելով հետևել այս հրաշագործ Մեսիային: Բայց երբ Նա մատնանշեց այն փաստը, թե իրականում ինչու էին նրանք հետևում Իրեն, նրանցից շատերը հեռացան:

Այս հատվածի հիմքում դրված է յուրաքանչյուրիս հարցը, ով հետևում է Քրիստոսին. «Ո՞վ է ղեկավարում քո կյանքը՝ դո՞ւ, թե՞ Հիսուսը»: Թույլատրո՞ւմ ենք արդյոք, որ Աստված ունենա մեր կյանքի ամբողջական կառավարումը: Թե՞ մենք ինքներս ենք փորձում որոշել, թե Աստված ինչ է ուզում կատարել մեզանում:

Յուրաքանչյուր քրիստոնյա այս հարցի առաջ է կանգնում Տիրոջ հետ քայլելու սկզբնական շրջանում: Ի սկզբանե մեր մեջ տեղի են ունենում հոգևոր պատերազմներ, բախում երկու մշակույթների և սովորույթների միջև: Նախ՝ կա աշխարհի արտաքին մշակույթը, որն անընդհատ հորդորում է. «Ինչպե՞ս կարող եք դրանից օգուտ քաղել»: Այնուհետև կա Աստծո արքայության «մշակույթը», որը հարցնում է. «Ինչպե՞ս կարող եք ծառայել Տիրոջը և ձեր բարեկամին»:

Հիսուսն արդեն քարոզել էր, որ Աստծո արքայությունը գործում է աշխարհում. «Աստծո արքայությունը մոտ է» (Մարկոս 1.15): Այլ կերպ ասած. «Աստծո արքայությունը ձեր մեջ է»: Քրիստոսի հետևորդների մեծ մասը Քրիստոսի հետ քայլելու նախնական շրջանում ունեցել են աշխարհային այդ մտածելակերպը: Նրանց առաջնորդում էր հիմնականում այն, ինչ կարող էին ձեռք բերել իրենց իսկ համար: Երբ Հիսուսը եկավ՝ առաջարկելով երկնային օրհնություններ, ժողովուրդը հավաքվեց Նրա մոտ՝ ասելով. «Եթե դու պատրաստվում ես մեզ ամեն ինչով ապահովել, մենք կհետևենք քեզ: Եթե Դու բժշկես մեր ընտանիքի հիվանդ անդամներին և պատասխանես մեր աղոթքներին, այո՛, աներկբա, մենք կլինենք Քո աշակերտները»:

Բայց ի՞նչ կպատահի մեր հավատքի հանձնառության հետ, եթե այս բաները տեղի չունենան մեզ հետ: Որքանո՞վ ենք նվիրված Հիսուսին, երբ գիտակցում ենք, որ Նա մեր կյանքում «ոչ միշտ է մեր օգնականը»: Այս տեսարանում ներկայացվող մարդիկ շտապում էին հետևել Քրիստոսին, նույնքան արագ էլ մերժեցին Նրան: Նրանք հիասթափված հեռացան՝ հրաժարվելով Նրանից:

Հիսուսը գիտեր, որ դա տեղի է ունենալու: Ահա, թե ինչու այդ բազմությունների համար մեծ հրաշք կատարելուց հետո Նա ասաց նրանց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Դուք ինձ որոնում էք՝ ոչ թէ նորա համար որ նշաններ տեսաք, բայց որ հացիցը կերաք եւ կշտացաք» (Հովհ. 6.26):

Արդյո՞ք սա ճշմարիտ է այսօր մեզ համար: Մենք հետևում ենք Հիսուսին Նրա օրհնությունների՞ համար, թե՞ որովհետեւ Նա է Տերը:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.