Հռ. 4.17 -  «… եւ  չ’լինող բաները լինողի պէս է կանչում»։

Աստված ոչ միայն քո գտնված վայրն է տեսնում, այլ նաև այն վայրը, թե որտեղ կարող ես լինել. անհայտ հեղինակ:

Իսրայելի նախահայրը` Աբրահամը, 75 տարեկան էր, երբ առաջին անգամ Տերը հայտնեց երեխա ունենալու մասին։ Մենք գիտենք, որ Իսահակը ծնվեց, երբ Աբրահամը 100 տարեկան էր։ Երկար տարիներ նա հիշում էր Աստծո խոստման մասին, և հավատքով սպասում էր այդ խոստման իրականացմանը։

Աստված խոսեց, բայց Աբրահամը դեռ զավակ չուներ և տարեց տարի էլ ավելի էր մեծանում, որն էլ նվազեցնում էր զավակ ունենալու հնարավորությունը։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ Աստված փոխեց նրա անունը.

Ծննդ. 17.5 - «Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ  քո անունն  Աբրահամ լինի. որովհետեւ  քեզ ազգերի բազմութեան հայր արի»։  Աստված, անվանելով նրան Աբրահամ, հաստատեց, որ Ինքն է Աստված և դեռ չեղած բաների մասին Ինքն իրավունք ունի եղածի նման խոսի, որովհետև վստահ է Իր կարողության վրա։

Թեև Աբրահամը միշտ չէ , որ հավատարմորեն սպասում էր, և Հագարից զավակ ունենալը դրա վառ ապացույցն է։ Երբեմն լինում է, որ մենք էլ շտապում ենք, տկարանում ենք, թերահավատորեն ենք մոտենում Նրա խոստումններին։ Բայց Նա է, որ չեղած բանը տեսնում է և եղածի պես է կանչում։

Սիրելի՛ս, քաջալերում եմ, որ հավատաս Աստծուն և երբեք առաջ չանցնես Նրանից։ Դու դեռ չես տեսնում այն, ինչ Նա պետք է բերի քո կյանք. քաջալերում եմ, որ Նրա նման մտածես և չեղած բաները եղածի պես կանչես։ Երբ Աբրահամը առաջարկ ստացավ՝ Հագարից զավակ ունենալ, նա կարող էր իրեն հիշեցնել Աստծո խոստումը և տեսներ իր սերունդը հավատքով, ինչպես Աստված էր տեսնում, և դա իրեն ետ կպահեր սխալ արարքից։ Շատ ժամանակ մենք էլ կարիք ունենք չերկմտելու և խոսելու, դավանելու այն, ինչին հավատքով սպասում ենք։

Հիշում եմ մի հիանալի սիրո պատմություն, որ կատարվեց իմ շրջապատում։

Մի եղբայր տարիներ շարունակ սիրում էր մեր քույրերից մեկին  (նրանց կանվանենք Մանե և Մհեր), բայց վերջինս այդքան էլ չէր համակրում նրան։ Տարիներ շարունակ Մհերն ասում էր, որ ինքն Աստծուց է առել, որ այդ աղջիկն իր կինն է դառնալու։ Եկավ մի ժամանակ, որ Մանեն սկսեց համակրել նրան, սկսեցին ընկերություն անել։ Եվ բոլորս մտածեցինք, որ ահա, իրականանում է այն, ինչ Մհերն ասում էր, և այսքանով պատմությունը կունենա իր տրամաբանական ընթացքը։

Բայց անցավ ժամանակ, և ինչ-ինչ պատճառներով Մանեն կրկին մերժեց Մհերին և ամիսներ անց նշանվեց մեկ ուրիշ տղայի հետ։ Բոլորս մտածեցինք, որ Մհերը սխալվել էր՝ ասելով, թե Աստված է իրեն ասել, որ Մանեն իր կինն է լինելու։ Ի զարմանս մեզ՝ նա այդ ամենի ընթացքում էլ դեռ պնդում էր, թե «միևնույն է, Նա իմ կինն է լինելու, և ես դրանում վստահ եմ». նա աղոթում և սպասում էր։

Մենք փորձում էինք հակառակը համոզել և, մեր կարծիքով, ուզում էինք բացել նրա աչքերը, մինչդեռ մենք կարիք ունեինք՝ բացելու մեր հոգևոր աչքերը և տեսնելու, թե Աստված ինչ է ասում։

Անցավ ժամանակ: Մանեն համոզվեց, որ սխալ ընտրություն է կատարել և նշանը ետ տվեց։ Բավական ժամանակ հետո դրական արձագանքեց Մհերի առաջարկին, նրանք ամուսնացան և երջանիկ ապրելով՝ ունեցան հիանալի բալիկներ և այժմ միասին ծառայում են Աստծուն։

Ի՞նչ է ասում այն իրավիճակը, որում դու գտնվում ես հիմա։
Ի՞նչ են ասում այսօր քեզ քո ընկերները. որ դու չե՞ս կարող։
Ի՞նչ են ասում բժիշկները. որ դու երբեք չե՞ս բժշկվի։
Ի՞նչ է ասում քեզ երկրի կարգավիճակը. որ երբեք վիճակը չի՞ լավանա։
Ի՞նչ է ասում սատանան. որ դու այլևս ոտքի չե՞ս կանգնի։

Իսկ դու ի՞նչ ես ասում… Շուրթերդ վերցրու այն խոսքերը, որ լսում ես քո Աստծուց։ Մոտեցիր քո աղոթքով Նրան, բացիր Սուրբ գիրքը և լսիր, թե Նա ինչ է ասում, և հենց դա քեզ համար դավանանք դարձրու։

Խոսիր բաներ, որ այսօր դեռ չկան, բայց կլինեն, որովհետև Աստված ունես, որ չեղած բաները եղածի պես է համարում։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.