Հետևյալ մեջբերումները հաճախակի են հնչում հարսանեկան՝ ռոմանտիկ սիրո տոնախմբություններին, որոնք ընդգծում են սիրո առաքինությունը.

  • Սերը համբերատար է և բարի
  • Սերը չի նախանձում և չի հպարտանում…
  • Սերը ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանում:

Միգուցե շատերը չնկատեն, բայց այս հատվածը պատկանում է Պողոս առաքյալի գրչին: Եվ մինչ այս պոեմը հնչում է հարսանեկան արարողությունների ժամանակ՝ պատկերելու երիտասարդների սիրո «նկարը», այն շատ ավելի մեծ իմաստային նկարագրություն ունի, քան ուղղակի այս գեղեցիկ առիթն է, որով, միգուցե, սահմանափակվում է սիրո առաքինության ընկալումը:

Ռոմանտիկ սերը չէր առաքյալի մտքում, երբ նա գրում էր այս հատվածը, այլ Կորնթոսի եկեղեցում ծառացող հսկայական բախումը, որը Պողոսին մեծ վիշտ էր պատճառում։ Այս համայնքում տարատեսակ տարաձայնություններ և բախումներ կային, վեճեր՝ կապված առաջնորդության և հավատարմության, բարոյական չափանիշների, ամուսնության և ամուրիության, աստվածաբանության շուրջ, ինչպես նաև վեճեր, որոնց շուրջ դատական գործեր էին հարուցվում1:

Այսպիսով, այն բանից հետո, երբ Պողոսը Կորնթոսի հավատավորներին հիշեցնում է, որ նրանք ներկայացնում են Հիսուսի մարմինը, որը կազմված է բազմաթիվ անդամներից՝ յուրահատուկ պարգևներով ու գործառույթներով, սկսում է խոսել սիրո մասին՝ որպես մարդու կատարյալ հասունության գագաթնակետ.

«Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։ Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։ Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի։Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. Եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կ’խափանուի։Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։ Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. Հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կ’գիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։ Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է»։ 1 Կորնթացիս 13.1-13:

Հաճախ, երբ ես ուսումնասիրում եմ մեր այսօրվա աշխարհի տարբեր համայնքները, տեսնում եմ նույնանման բաժանումներ ու ծաղրանք, ինչպես առկա էր կորնթացիների համայնքում: Ավելի հաճախ, քան երբևէ, կարելի է բախվել տեղեկատվական պատերազմի, փաստարկների, որոնք հիմնված են այս գրքի իրավասության կամ անձի փորձառության վրա: Քննադատությունները և ծաղրանքը, ամպագոռգոռ վիրավորիչ արտահայտությունները ամենուր են, իսկ ահա երբեք չվերջացող սերը՝ հազվագյուտ և վաղանցիկ երևույթ: Ինչպե՞ս է իմաստավորվում այս ամենը, մասնավորապես Պողոսի գրածի լույսի ներքո, որ առանց սիրո մենք ոչինչ ենք:

Գուցե այսքան քիչ սեր լինելու պատճառն այն վախն է, որ սիրելն ինչ-որ կերպ կապված է փոխզիջումների հետ: Շատերը, միգուցե, կարիք ունեն հրաժարվելու սիրելու հետևյալ զուգորդումներից՝ չմտածված հավանություն, ամեն բան անցողիկ է, «ես լավ եմ, դու լավ ես» հեշտ սերը՝ նույնքան դյուրին ու չպարզաբանված, որքան ժելատինը: Անշո՛ւշտ, Պողոս առաքյալի հասկացողությունը շատ ավելին էր, քան այս խղճուկ տեսակետները սիրո մասին: Ի վերջո, նա սիրուն է նվիրում կորնթացիներին ուղղված իր առաջին նամակի մեծ մասը՝ պատճառաբանելով նրանց վատ պահվածքը  սիրո բացակայությամբ:

Այնուամենայնիվ, ես երբեմն անհանգստանում եմ, որ սերն առանց նախապայմանների ուրիշներին տալու բացակայությունը, մոռացության է մատնում Աստծո ներողամտությունը մեր նկատմամբ: Պողոսը գրում է հռոմեացիներին. «Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ» (Հռովմեացիս 5.8): Եթե Աստված մեզ սիրում էր, երբ դեռ մենք մեղավոր էինք, ապա ինչո՞ւ ենք մենք այդքան դժվարանում ուրիշներին սիրել:

Մի աշխարհում, որը մեծապես ընկալում է քրիստոնյաներին՝ որպես ամբարիշտներ, կեղծավորներ, վիճաբանողներ և դատողություններ անողներ, մի՞թե լավ չէր լինի վերանայել մեր վախերը, թե ինչպիսին կարող էինք լինել, եթե փորձեինք սիրտ «տեղափոխել» սիրո մասին Պողոսի խոսքերը:

Միգուցե դա թույլ տար մեզ հավաքներ կազմակերպել բանտերում, ինչպես արվել է Անգոլայի Լուիզիանայի ամենափակ բանտում: Միգուցե դա թույլ տար մեզ լինել քրիստոնեական տարբեր հարանվանությունների հետ միաբան՝ չնայած դավանանքի ոչ առանցքային տարբերությունների կամ աստվածաբանական տարաձայնությունների: Միգուցե դա թույլ տար մեզ սկսելու մի շարժում՝ մշակույթը զարգացնող, այլ ոչ թե պասիվացնող: Միգուցե դա ամբողջապես արտացոլեր մեզ՝ որպես հասուն մարդկային արարածներ: Պողոսը շարունակում է.

«Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի»: 1 Կորնթացիս 13.11

Հիսուսով արտացոլվում է մարդկության ամբողջական հասունությունը և կառուցվածքը: Նա սովորեցրեց, որ սերը իրականացված բոլոր բաների ամփոփումն է և ամբողջ օրենքի և մարգարեությունների իրականացումը. սիրե՛ք Աստծուն և սիրե՛ք ձեր ընկերոջը ձեր անձի պես: Եթե առաքինություններից ամենամեծը սերն է, ինչպես ասում էին Հիսուսն ու Պողոս առաքյալը, կարո՞ղ են բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն դառնալու համայնք, դարձնել սերը իրենց գլխավոր պատասխանատվությունն ու նպատակը2։ «Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է»: 1 Կորնթացիս 13.1- 13

Հեղինակ՝ Մարգարեթ Մ. Շուլլ
Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.