Աստված չի անտեսել քեզ. Դեյվիդ Ուիլքերսոն
Որպես Տիրոջ հովիվ՝ իմ ունեցած ամենամեծ հոգսերից մեկը հետևյալն է. «Օ~, Աստվա'ծ, ինչպե՞ս ես հույս ու մխիթարություն փոխանցեմ հավատացյալներին, ովքեր կարողանում են այդքան ցավի ու տառապանքի համբերել: Տո՛ւր ինձ մի ուղերձ, որը կվերացնի նրանց կասկածն ու վախը: Տո՛ւր ինձ ճշմարտություն, որը կչորացնի սգավորի արցունքները և երգ կդնի հուսահատի շրթունքներին»:
Եվ այդ ժամանակ խոսքը, որը ես ստանում եմ Սուրբ Հոգուց Աստծո ժողովրդի համար, շատ պարզ է. «Գնացե՛ք Իմ Խոսքի մոտ և ամուր բռնե՛ք Իմ խոստումները: Մերժե՛ք ձեր կասկածները»: Մեր բոլոր հույսերը ծնվում են Աստծո խոստմունքներից:
Ես մի անգամ նամակ ստացա, որը պարունակում էր մի գեղեցիկ նկար: Դա մի մայրիկից էր, ով գրել էր. «Աղջիկս տասնվեց տարեկան է: Նա ունի մկանների, կապանների և հոդերի ֆիզիկական ծայրաստիճան ցավ օրական քսանչորս ժամ: 1997թ-ին ես կորցրի որդուս, ով ինքնասպանություն գործեց նույն ցավի պատճառով: Նա քսաներկու տարեկան էր, երբ ինքնասպանությամբ վերջ դրեց իր իննամյա տառապանքներին: Նա չկարողացավ հաղթահարել ցավը:
Աղջիկս բալետի պարուհի էր և անհամբեր սպասում էր Նյու Յորքի՝ Ջուլիարդի դպրոց դիմելուն: Բայց նրա երազանքները փշրվեցին, երբ նա սկսեց տառապել նույն հիվանդությամբ, որը տանջում էր իր եղբորը: Բժիշկն ասաց, որ իր ցավը 1-ից 10 սանդղակում 14-ի մակարդակի վրա է: Նրա ցավի համար արդյունավետ և անհրաժեշտ ցավազրկող դեղամիջոցը կկործանի նրա երիկամները, ուստի, նա չի կարող դեղեր ընդունել:
Նա սիրում է Տիրոջը և ցնծում է Նրանով: Նա հիանալի բանաստեղծուհի է, ում գրությունները հայտնվել են ավելի քան 15 հրատարակություններում և ընդգրկված են միջազգային «Ով ով է պոեզիայում»»:
Ամեն ինչի մեջ՝ մարմնի և հոգու անխնա այս ցնցումների մեջ էլ անգամ, այս մայրն ու նրա դուստրը հույսը դրել են իրենց ուղղված Աստծո Խոսքի վրա: Եվ Նա նրանց խաղաղություն է տվել:
Թշնամին փորձե՞լ է խաբել, թե Աստված անտեսել է քեզ: Գայթակղվե՞լ եք՝ եզրակացնելով, թե Տերը ձեզ մենակ է թողել: Գրեթե հրաժարվե՞լ եք ձեր հավատքից: Ձեր հույսը դրե՛ք ձեր Տիրոջ Խոսքի վրա.
«Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13.5):
«Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։ Եւ քեզ կյուսան քո անունը ճանաչողները. Որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր»(Սաղմոս 9.9-10):
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը