Նիք Վույչիչն ողջ աշխարհում հայտնի հռետոր է, երջանիկ ամուսին և չորս երեխաների հայր: Ավստրալիացի ավետարանական քարոզիչ Նիք (Նիկոլաս) Ջեյմս Վույչիչը ծնվել է 1982թ. դեկտեմբերի 4-ին Վույչիչների սերբական ընտանիքում:

Նա ծնվել է տետրաամելիայի համախտանիշով՝ հազվադեպ հանդիպող խանգարում, որը բնութագրվում է չորս վերջույթների բացակայությամբ։

Իր ինքնակենսագրականի համաձայն՝ մայրը հրաժարվել է տեսնել և գրկել նրան բուժքրոջ ցույց տալուց հետո, սակայն ծնողներն ի վերջո ընդունել են երեխայի վիճակն ու այն համարել «Աստծո որոշումն իրենց որդու համար»։ Նիքն ունի երկու փոքրիկ, դեֆորմացված ոտքեր, որոնցից մեկին իր տեսքի համար նա անվանում է «հավի եփած բուդ»։ Այդ ոտքի մատներն սկզբում միաձուլված են եղել, սակայն վիրահատություն է կատարվել դրանք առանձնացնելու համար, որպեսզի նա կարողանա որպես մատներ դրանք օգտագործել բռնելու, էջ շրջելու և այլ գործողություններ անելու համար։ Այդ ոտքի օգնությամբ ի վիճակի է եղել օգտագործել էլեկտրական անվասայլակ, համակարգիչ և բջջային հեռախոս։

Փորձել է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ, սակայն ծնողների սերը հետ է պահել նրան այդ քայլից. «Երբ տասը տարեկան էի, իմ համադասարանցիները այնքան էին ծաղրում ինձ, որ ապրել չէի ցանկանում: Փորձում էի վերջ տալ կյանքիս՝ խեղդվելով լոգարանում: Երկու անգամ փորձեցի ինքս ինձ ջրի մեջ խեղդել, բայց հանկարծ հասկացա, որ իմ ծնողները սիրում են ինձ, և թե ինչ ցավ կլինի նրանց համար իմ ինքնասպանությունը»:

Չնայած հասակակիցների ծաղրանքներին՝ Նիքն իր դեռահասության և երիտասարդության ժամանակահատվածում մեծ զարգացում է արձանագրել։ 21 տարեկանում ավարտել է Քվինսլենդի Գրիֆիթ համալսարանը առևտրի բնագավառում բակալավրի գիտական աստիճանով և հաշվապահական հաշվառման ու ֆինանսական պլանավորման ոլորտի կրկնակի մասնագիտացմամբ։

2005 թվականին հիմնադրել է «Կյանքն առանց վերջույթների» միջազգային ոչ առևտրային կազմակերպությունը: 2007 թվականին հիմնադրել է «Attitude is Altitude» աշխարհիկ մոտիվացիոն խոսնակների ընկերությունը։

Նկարահանվել է «Թիթեռների կրկես» կարճամետրաժ ֆիլմում։ 2010 թվականին«Method Fest Independent Film Festival» կինոփառատոնում Ուիլլի դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան կարճամետրաժ ֆիլմում» մրցանակին։

2011 թվականին«Attitude is Altitude» ընկերությունը թողարկել է Վույչիչի «Ինչ որ բան ևս» երգն ու երաժշտական տեսահոլովակը։

Իր վեբկայքերում Վույչիչը նշել է քրիստոնեական հավատքին իր նվիրվածության մասին։ Նրա հավատքի հիմունքներում ընդգրկված է Քրիստոսի մոտալուտ երկրորդ գալուստը, թեև հրապարակայնորեն չի պատկանում որևէ դավանանքի կամ ուսմունքի։

2008 թվականին Դալասից ոչ հեռու գտնվող ՄքՔինի քաղաքում հանդիպել է Կանաե Մինահարային, որի հետ ամուսնացել է 2012 թվականի փետրվարի12-ին։ Զույգն ունի չորս երեխա և բնակվում է հարավային Կալիֆոռնիայում։

Վույչիչի առաջին գիրքը՝ «Կյանք առանց վերջույթների․ ոգեշնչում զվարճալիորեն լավ կյանքի համար», հրատարակվել է2010 թ. և թարգմանվել ավելի քան 30 լեզուներով։

Թողարկել է2005 թվականին նկարահանված մոտիվացիոնալ «Կյանքի մեծ նպատակը» DVD-ն, որտեղ արտացոլված է իր ընտանեկան կյանքն ու ամենօրյա զբաղմունքները։ DVD-ի երկրորդ մասը նկարահանվել է Բրիսբենում՝ տեղական եկեղեցու կողմից և թողարկվում է երիտասարդների համար՝ «Չկան ձեռքեր, չկան ոտքեր․ դա խնդիր չէ» վերնագրով։

Նիք Վույչիչի նշանաբանն է՝

  • Այսօր ես որոշել եմ չհանձնվել
  • Այսօր ես որոշել եմ հավատալ
  • Այսօր ես որոշել եմ լինել շնորհակալ
  • Այսօր ես որոշել եմ երազել
  • Այսօր ես կսիրեմ ինքս ինձ
  • Այսօր ես կսիրեմ իմ ընտանիքին
  • Եվ կանեմ ամեն ինչ, որպեսզի նրանց զգան իմ սերը:

Նրա կյանքի 8 կանոններն են՝

  • Մի՛ դարձեք զոհ:
  • Եղե՛ք համարձակ, փորձե՛ք ամեն ինչ:
  • Երբ ես ընկնում եմ, ես վեր եմ ելնում և փորձում եմ ևս մեկ անգամ:
  • Անհաջողությունը ուսուցանում է:
  • Խոչընդոտը հնարավորություն է:
  • Ավելի լայն երազեք:
  • Փոխե՛ք այն, ինչը կարող եք:
  • Համբերությու՛ն ունեցեք:

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.