Աղերսող աղոթքից դեպի հռչակում. Գարի Ուիլքերսոն
«Դու ես իմ ապաստանը. Նեղութիւնից կպահես ինձ. փրկութեան երգերով կպատես ինձ»(Սաղմոս 32.7)։
Իմ վերջին գրություններից մեկում ես գրել էի «աղերսող» աղոթքի զորության մասին: Այսօր ես ուզում եմ խոսել շատ ավելի հզոր բանի մասին: Երբ խնդրվածքով դիմում եք Տիրոջը, դուք աղաղակում եք, լաց եք լինում՝ Աստծուց զորություն և առաջխաղացում խնդրելով: Քանի որ այդ աղաղակն իր ուրույն տեղն է գտել ձեր սրտում և մտքում, այն զորություն է գործել ձեր հավատքի մեջ: Դուք դադարելու եք այլևս աղերսանքները և սկսելու եք հռչակումներ կատարելը:
Դուք ունենալու եք առաջխաղացում՝ հռչակելով այն, ինչ Աստված ասել է Իր Խոսքում. «Այսպես է ասում Տերը»:
Դուք կհռչակեք, որ Աստված լսել է ձեր աղաղակը, և ժամանակն է կանգնել ծնկած վիճակից: Ոչ թե դադարեցնել աղոթելը, այլ Աստծուն ասել. «Ես ամենը դրել եմ Քո առջև: Ես իմ բողոքները հարյուրավոր անգամներ բերել եմ Քո առաջ, ինչպես դա արել է Դավիթը, և իմ սրտում այլևս բողոք չկա: Հիմա կա ուժեղ ու հզոր վստահություն, որը բարի է իմ հոգու համար: Դու ամեն բան անում ես կատարյալ կերպով, և ես միանշանակ հաղթող եմ լինելու: Ես կհաղթահարեմ, քանզի եթե Դու ինձ հետ ես, ով կարող է հակառակ լինել ինձ:
Իմ մարմնի այս հիվանդությունը վերացավ: Ֆինանսական դժվարությունները և քաոսը, որի մեջ ես ապրում էի, մնացին հետևում, և ես շարժվում եմ դեպի հավատքի նոր՝ ավելի բարձր մակարդակ: Անառակ որդիս տուն է եկել: Իմ անառակ դուստրն ընդունում է Հիսուսին»:
Դուք շարժվում եք նոր ուղղությամբ՝ հեռու աղերսող՝ «Կօգնե՞ք ինձ, խնդրում եմ» աղաղակից: Դուք այժմ ամուր կանգնած եք Նրա Խոսքի վրա՝ հավատալով, որ Նրա խոստումները միշտ ճշմարիտ են և վստահորեն հռչակում եք. «Աստված հավատարիմ է Իր Խոսքին: Նա չի պատրաստվում լքել ինձ կամ երես թեքել ինձնից»:
Այս հայտարարությունը մեկ անգամ հռչակելուց հետո դուք կսկսեք այլ կերպ աղոթել: Ճիշտ այնպես, ինչպես Դավիթն աղոթեց. «Դու ես իմ ապաստանը. Նեղութիւնից կպահես ինձ. փրկութեան երգերով կպատես ինձ»(Սաղմոս 32.7):
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը