Որտե՞ղ է դրախտը։ Ի՞նչ կլինի, երբ հայտնվենք այնտեղ: Մենք չգիտենք, թե որտեղ է դրախտը, բայց մենք գիտենք, որ նոր երկինք և նոր երկիր է գալու:

Երկնքում մենք կսովորենք բաներ, որոնք մարդկային միտքը պարզապես ունակ չէ հասկանալու այստեղ՝ երկրի վրա: Մենք կընկղմվենք Քրիստոսի անսահմանափակ մտքի մեջ: Եվ Նա անկասկած կսովորեցնի մեզ բոլոր հավերժական բաները։

Մի պահ պատկերացրեք այն թվացյալ անսահմանությունը, որը մենք տեսնում ենք տարածության մեջ: Ասում են, որ մեր արեգակնային համակարգն ունի առնվազն հինգ միլիարդ մղոն տրամագիծ, բայց դա ընդամենը մի կետ է տիեզերքում: Գիտական հայտնագործությունները ցույց են տալիս, որ տիեզերքը բաղկացած է տարբեր համակարգերից, որոնք կարծես թե վերջ չունեն: Դա ամբողջովին ցնցում է մարդկային միտքը:

Նույնիսկ այն ժամանակ, երբ մեր արեգակնային համակարգը մրցում է տարածության մեջ՝ պտտվելով արևի շուրջ, անհամար այլ համակարգեր նույնպես շարժվում են մեկը մյուսին հաջորդաբար: Եվ այդ ամենը տեղի է ունենում Աստծո աստվածային կարգ ու կանոնի համաձայն: Հետևաբար, տրամաբանական է, որ դրախտում մենք անելու ենք բաներ, որոնք անհասկանալի են մեր մարդկային մտքի համար:

Բայց ամենից լավն այն է, որ մենք Հիսուսի հետ կլինենք: Պողոս առաքյալը գրում է. «Բայց վստահ ենք եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել» (2 Կորնթացիներ 5.8): Ըստ Պողոսի, դրախտը, որը Տիրոջ ներկայությունն է հավերժության մեջ, մի բան է, որը մենք ցանկանում ենք ամբողջ սրտով:

Հիսուսը նկարագրում է մի հսկայական հավաքույթ, երբ հրեշտակները «կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը» (Մատթեոս 24.31): Աստծո փառավորյալ զավակների բազմությունը «Օվսաննա» է երգելու Տիրոջ առջև: Հաղթանակի և գովերգի ինչպիսի՜ զորեղ ձայն է հնչելու, որբերի բազմությունը կանչելու է՝ «Հա՜յր, Հա՜յր»: Պատկերացրեք Հիսուսի հիացմունքը. «Որովհետև այդպիսիններին է Աստծո արքայությունը», - ասել է Նա:

Հետո գալիս են նահատակները՝ նրանք, ովքեր ժամանակին արդարության համար աղաղակում էին երկրի վրա լաց լինելով՝ «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ»: Այնուհետև ուժեղ ձայն է հնչելու, որը նախկինում երբևէ չի հնչել, երբ բոլոր ազգերի և ցեղերի բազմությունն ուրախությունից պարելու և երգելու է. «Հաղթանակը Հիսուսի մեջ է»: Երբ Պողոսը երկինք հափշտակվեց, նա «...անասելի բաներ լսեց՝ որ մարդի պէտք չէ նորանց խօսել» (Բ Կորնթացիս 12.4): Պողոսն ասաց, որ ինքը ցնցված է այնտեղի իր լսածից, և ես հավատում եմ, որ նա ականատեսն էր եղել Աստծուն երգելու և փառաբանելու նախերգանքին այն անձանց կողմից, ովքեր հավիտյան ուրախանալու են Նրա ներկայության մեջ:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.