Ինչպե՞ս պահպանել անձի վերահսկողությունը. Դեյվիդ Ուիլքերսոն
Հնարավոր է, որ ցանկացած քրիստոնյա կորցնի վերահսկողությունն իր հոգու նկատմամբ: Երբ դա պատահում է, արդյունքում առաջանում են խառնաշփոթություն, վեճեր և բախումներ. «Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին» (Առակաց 25.28):
Խոսքը վերահսկողության ամբողջական կորստի մասին է: Այս համարը հզոր նախազգուշացում է Աստծո յուրաքանչյուր զավակի համար: Երբ մեր պահապան պատերը քանդվում են, մենք դառնում ենք խոցելի սատանայական ուժերի հարձակման համար: Շուտով այն ամենը, ինչ օրհնվել էր մեր կյանքում՝ ամուսնությունը, ընտանիքը, աշխատանքը և փոխհարաբերությունները, լցվում են անախորժություններով: Բոլորս տառապում ենք սովորական փորձություններից, որոնք գալիս են յուրաքանչյուր քրիստոնյայի կյանք: Բայց չնայած մեր այդ փորձություններին, Աստված հնարավորություն է տալիս վայելելու Նրա խաղաղությունը տարիներ շարունակ: Ամուսնությունը կարող է ամուր լինել, իսկ տունը՝ լի սիրով, աշխատանքը՝ օրհնված: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդն իր մարդկային հոգին հպատակեցնում է Քրիստոսի Հոգուն, ու դա ամուր և անձեռնմխելի է պահում նրա շուրջը գտնվող Աստծո պաշտպանիչ պատերը: Սակայն այդ նույն աստվածավախ մարդը կարող է սկսել կորցնել վերահսկողությունն իր կյանքի որոշ մասերի նկատմամբ: Շուտով նրա հոգին այլևս իրեն չի ենթակարկվում: Նրա համբերությունը թուլանում է, նա դառնում է ավելի բռնկվող, և նա անընդհատ վիճում է ընտանիքի հետ: Նա հեշտությամբ վիրավորվում է՝ ընկնելով կատաղության մեջ և օգտագործելով վիրավորիչ, կտրուկ բառեր:
Այս քրիստոնյայի տունը լուրջ անախորժությունների մեջ է հայտնվում: Նա և իր կողակիցը սխալ են ընկալում իրենց ուղղված յուրաքանչյուր բառ և կոպիտ խոսում միմյանց հետ: Նրանց երեխաները դառնում են իրենց ծեծկռտուքի զոհը: Նրանք տեսնում են, թե ինչպես են իրենց ծնողները անընդհատ վիճում միմյանց հետ: Առանց տնային կայունության այս երիտասարդները կարող են դիմել աշխարհին՝ ձգտելով ձեռք բերել հարմարավետություն կամ վերահսկողության որոշակի զգացում:
Այդպիսի քրիստոնյայի կյանքը անհանգիստ քաղաքի է նման: Պատերն այժմ քանդված են և պաշտպանություն չունեն դիվային ուժերի ներխուժումից: Ցավոք, դա տեղի է ունենում բազմաթիվ տներում: Ինչ-որ բան պատճառ է դառնում, որ քրիստոնյան կորցնի իր տրամադրությունը՝ թույլ տալով թշնամուն ազատ մուտք գործել դեպի իր սիրտ ու տուն:
Բայց այն պահին, երբ քո սիրտը դիմում է Տիրոջը, Նա սկսում է վերակառուցման գործընթացը: Նա քեզ վերադարձնում է քո հոգու վերահսկողությունը: Եվ դու պատրաստակամորեն ենթարկվում ես քեզ ուղղված Նրա յուրաքանչյուր Խոսքին: Դու այլևս անհանգիստ քաղաք չես առանց պարիսպների: Փոխարենը՝ քո կյանքը Նրա նպատակադրած գեղեցիկ խաղողի այգին է՝ անուշահոտ պարտեզը, որը հրավիրում է քո շրջապատին: Ալելուիա՛:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը