Կյանքը բումերանգ է
«…Նա մարդիս հատուցանում է իր գործին համեմատ» (Առակաց 24.12)։
Այս թեմայի մասին մտածելիս առաջին միտքը, որ գալիս է, Աստծո կատարյալ արդար լինելու փաստն է: Եթե չլիներ կյանքի բումերանգությունը, այդ ժամանակ կարող էինք նաև կասկածել Աստծո արդարության վրա:
Ինչո՞ւ է այդպես. աշխարհում ապրում են և՛ քրիստոնյաներ, և՛ ոչ քրիստոնյաներ, իսկ Աստված արդար է բոլորի հանդեպ, քանի որ յուրաքանչյուրն իր ձեռքի գործը հետ է ստանում:
Աստվածաշնչում կան բազում խոսքեր, որ ցույց են տալիս կյանքի բումերանգ լինելը: Մենք գիտե՛նք, որ ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք, գիտե՛նք, որ պետք է բարիք անենք, որ բարիք ստանանք և այդպես շարունակ: Իհարկե՛, ճիշտ չէ սպասումով անելը. ամեն գործ պետք է սիրով ու սրտանց անել: Սակայն փաստը մնում է փաստ, որ եթե լավ բան անենք, լավը ետ կստանանք, ու նաև հակառակը՝ վատի դեպքում էլ վատը կստանանք, ինչպես փոս փորողը ինքն է փոսն ընկնում:
Բայց ո՞րն է այս դեպքում քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների տարբերությունը, մի՞թե չկա առավելություն: Իհարկե՛, կա. եթե նայում ենք առօրյա բարի ու լավ արարքների տեսանկյունից, ապա ոչ քրիստոնյա մարդիկ բարիք անում են՝ տալով իրենցից որևէ բան՝ կլինի դա ֆինանս, ֆիզիկական ուժ կամ որևէ այլ բան: Իհարկե՛, սա լավ է. նրանք նույնպես ետ են ստանում իրենց արած լավությունը:
Բայց հոգևորների մոտ բացի այս տարբերակից կա նաև մի այսպիսի հետաքրքիր առավելություն: Երբ քրիստոնյաները աղոթում են, կարդում Աստվածաշունչ, հաճախում եկեղեցի, սրանք ևս բարի սերմեր են նրանց կյանքում, որ անպայման պատասխանվում են Աստծո կողմից՝ բազմապիսի օրհնությունների տեսքով:
Ի՞նչ է սա նշանակում, որ Աստված փոխհատուցում է քրիստոնյայի հավատարմությունը: Եվ այդ փոխհատուցումը եռակի և քառակի ավելին է լինում, քան հավատարմությունը: Իսկ առավելությունն այն է, որ քրիստոնյան երկուսն էլ իր համար է անում. և՛ կարդալը, և՛ աղոթելը, և՛ եկեղեցի գնալը քրիստոնյան անում է իր համար: Պատասխան օրհնություններն էլ նորից ինքն է ստանում: Այսինքն՝ երկու բարիքներն էլ ինքն է հնձում:
Կյանքը բումերանգ է, իսկ Աստված՝ կատարյալ արդար: Ուրեմն՝ ջանա՛նք միշտ լավ ու բարի գործեր անել և հիշե՛նք, որ մեր ձեռքի գործը մեզ հետ է գալու:
Հեղինակ՝ Էսթեր Զաքարյան