Արթնացի՛ր, Աստծո զարթուցիչը հնչում է
Երբ ես սովորում էի ավագ դպրոցում, մի գիրք լույս տեսավ՝ «88 պատճառ, թե ինչու է Հիսուսը վերադառնալու 1988 թվականին»։ Այն փոթորիկ բերեց քրիստոնեական աշխարհ։ Հեղինակը ՆԱՍԱ-ի գիտնական էր, ինչպես նաև քրիստոնյա, ով եռօրյա ժամկետ էր որոշել, երբ, նրա խոսքով, Հիսուսը գալու էր։ Այս գիրքը մեծ նշանակություն ուներ իմ քրիստոնեական դպրոցում։
Երրորդ օրվա կեսօրին՝ սեպտեմբերի 13-ին, իմ ֆուտբոլի մարզիչը մարզումները 30 րոպե շուտ ավարտեց և ասաց, որ պետք է նստենք տրիբունայում և սպասենք։ Այնուհետև նայեց ինձ և ասաց. «Եթե Հիսուսն իսկապես գալիս է, ապա հոգ տար, որ ամբողջ սպորտային գույքն իր տեղերում դասավորված լինի»։ Իհարկե, այդ օրը եկավ ու անցավ, և Հիսուսը չվերադարձավ, բայց հաջորդ տարի այդ հեղինակը թողարկեց ևս մեկ գիրք, որի անվանումն էր, ինչպես կռահեցիք՝ «89 պատճառ, թե ինչու է Հիսուսը վերադառնալու 1989 թվականին»։ Նա բացատրեց, որ սխալ էր հաշվարկել ամսաթվերը, որովհետև օգտագործել էր ոչ թե հրեական օրացույցը, այլ՝ գրիգորյան։
Նմանատիպ բան տեղի է ունենում մեզանից շատերի հետ։ Քրիստոնեական պատմությունը լի է աշխարհի վերջի վերաբերյալ կեղծ կանխատեսումներով։ Չնայած՝ քրիստոնյաները հաճախ են սխալվել դրանցում, քանի որ ոչ ոք չի կարող իմանալ Քրիստոսի գալստյան ո՛չ օրը, ո՛չ ժամը, (նույնիսկ՝ եռօրյա ժամանակահատվածը), քանի որ Սուրբ Գրքում գրված է, որ նա կարող է գալ ցանկացած պահի։ Հիսուսը գալու է այնպես, ինչպես գողը՝ գիշերով, անսպասելի, երբ մենք չենք սպասելու Նրան։ Բայց Հիսուսը մեզ ասել է նշանների մասին, որոնք լինելու են Իր գալուստից առաջ։ Դրանք են՝ պատերազմներ, պատերազմների լուրեր, սովի, երկրաշարժերի և համաճարակների մասին լուրեր։ Մատթեոս Ավետարան 24 գլխում գրված է նոր երկրի ծնունդից առաջ սպասվող նեղությունների մասին։ Ինչպես կինն է երեխայի ծնվելուց առաջ ցավեր զգում, այնպես էլ երկիրն է զգալու ցավեր՝ ինչպես, օրինակ, կորոնավիրուսն է։ Դրանք ցույց են տալիս, որ Քրիստոսի գալուստը մոտ է։
Իր նոր գրքում՝ «Կորոնավիրուսը և Քրիստոսը», Ջոն Փայփերը գրում է, որ այս վիրուսի միջոցով Հիսուսն ասում է. «Այս աշխարհը, որում դուք ապրում եք, հավերժ չէ։ Դուք պետք է մտածեք գալիք աշխարհի մասին և պատրաստվեք դրան։ Արթնացե՛ք»։
Մենք չգիտենք, թե երբ Նա կգա, բայց այսպիսի նշանները ցուց են տալիս, որ, հավանաբար, օրն այդքան էլ հեռու չէ։ Նոր Կտակարանի վերջում Հիսուսն ասում է. «Այո՛, շուտով Ես կգամ»։
Ե՞րբ եք վերջին անգամ մտածել Նրա գալուստի մասին։ Մենք այնքան զբաղված ենք մեր առօրյա գործերով, որ դրա մասին ոչ միայն չենք անհանգստանում, այլև հարկ չենք համարում խոսել մյուսների հետ։
Ես չեմ կարծում, որ կորոնավիրուսն իր հետ կբերի աշխարհի վերջը, բայց ամեն դեպքում, այս աշխարհը վերջ ունի։ Եվ եթե մենք անտեսում ենք այս իրողությունը, մենք ասես ղեկի վրա քնում ենք։ Այս համաճարակը, որքան էլ աղետալի լինի, այն Աստծո ողորմածությունն է ներկայացնում, որպեսզի մենք արթնանանք և պատրաստվենք։
Հեղինակը՝ Ջ. Դ. Գրիար
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը