Խաղաղություն. Պարույր Սևակ
Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:
Խաղաղությո՜ւն, որ խաղողը քաղցրանա,
Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք:
Խաղաղությո՜ւն, որ աչիկներն իր բանա
Դաշտում մի տուղտ, օրորոցում՝ մի բալիկ,
Մի ծով ցորեն՝ գարնանային արտի մեջ,
Անգիր մի երգ՝ բանաստեղծի սրտի մեջ,
Մի երեքնուկ՝ բացատի մեջ անտառի,
Անխոս մի սեր՝ սրտի խորքում պատանի...
Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-
Մեզ հետ նույնը բնությունն է կամենում:
Խաղաղությո՜ւն, որ տատիկները բոլոր
Երգեն իրենց թոռնիկներին մեղմ օրոր.
Որ մայրերը և արտերը ծոցվորվեն,
Որ դաշտ ու ձոր հասունություն վար ծորեն,
Որ բանվորը գոհանա իր վաստակով,
Շինարարը երկինք ելնի լաստակով,
Սերմնացանը ափն իր խփի ու բանա,
Այգեգործը դեռ չխմած՝ արբենա...
Խաղաղություն ամենուրե՜ք, ամենքի՜ն,-
Այդ են ուզում ամե՛ն մարդ ու ամեն կի՛ն:
Խաղաղություն Կորեայի՜ն արնաքամ,
Չինաստանի հերոսների՜ն առնական.
Խաղաղություն օվկիանոսին այն խաղաղ,
Որ իսկապես լինի հանգիստ ու խաղաղ:
Խաղաղություն բոլո՜ր նրանց, ում համար
Ծանր է տեսնել սգավոր կին, քույր ու մայր,
Ծանր է տեսնել իր քաղաքը մոխրացած,
Այգին դարձած խրամատի անել ցանց...
Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում,-
Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր:
Պատասխանը միևնույնն է ամեն տեղ.
-Ո՛չ,- ասում է ամեն երկիր, ամեն ցեղ:
-Ո՛չ,- հնչում է ամեն լեզվով՝ մի բառով:
-Ո՛չ,- հնչում է կերտող մուրճի բարբառով:
Այգին ջրող բահը նույնն է պահանջում,
Նույնն է տենչում զուլալ հոսող ամեն ջուր,
Նույնն է ճչում ամեն մանուկ նորածին,
Նույնն է ասում լուռ հպումը սիրածի...
Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-
Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում: