Աստվածաշնչյան 9 խոստում՝ դու մենակ չես
Քեզ միայնա՞կ ես զգում: Տարօրինակ է, որ դու, շրջապատված լինելով մարդկանցով, կարող ես քեզ միայնակ զգալ: Հնարավոր է, որ քեզ միայնակ ես զգում նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատված ես քեզ սիրող մարդկանցով: Գուցե նրանք չհասկանան, թե ինչ է կատարվում քեզ հետ կամ ամբողջությամբ չհասկանան: Բայց կա մեկը, ով հասկանում է քո սրտում եղածն ամբողջությամբ: Նա գիտի քո մտքերը, զգում է քո ամեն մի հույզը ու ցանկանում է, որ դու իմանաս՝ քեզ հետ է միշտ ու ամենուր: Աստվածաշնչյան այս մի քանի խոստումներով, դու քեզ ավելի ապահով կզգաս.
1. «Եվ ես Հորը պիտի աղաչեմ, և Նա ձեզ ուրիշ մխիթարիչ պիտի տա, որ ձեզ հետ մնա հավիտյան. Ճշմարտության Հոգին: Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ» (Հով. 14.15-18): Դուք միայնակ չեք, քանզի Հիսուսը խոստացավ չթողնել մեզ, և այսօր Սուրբ Հոգին ապրում է մեզ հետ միասին՝ մեր կողքին ու մեր մեջ:
2. «Աստված մեր ապավենն է ու մեր զորությունը, հավաստի օգնություն նեղության ժամին» (Սաղ. 46.1): Կյանքում շատ դժվարություններ կարող են քեզ ստիպել մտածել, որ միայնակ և անապահով ես, բայց Աստված քո հավաստի օգնությունն է նեղության ժամանակ:
3. «Եթե անգամ հայրս ու մայրս ինձ լքեն, Տերն ինձ կընդունի» (Սաղ. 27.10): Նույնիսկ, երբ քո սրտին մոտ մարդիկ քեզանից հեռանան, Սիրո Աստվածը կմնա քեզ հետ, կպաշտպանի քեզ և հոգ կտանի քո մասին:
4. «Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը» (Մաթ. 28.20): Չի գա այնպիսի մի ժամանակ, երբ Աստված կթողնի, որ դու ինքդ հոգաս քո կարիքները, քանի դեռ դու փափագում ես Նրա ներկայությանը:
5. «Նա բժշկում է կոտրված սիրտ ունեցողներին և փաթաթում նրանց վերքերը» (Սաղ. 147.3): Հաճախ հենց կոտրված սիրտը քեզ ստիպում է միայնակ զգալ, բայց Աստված կբժշկի քո վերքերը և քեզ իր մոտ կպահի:
6. «Որովհետև լեռները կհեռանանան, և բլուրները կսասանվեն, բայց իմ ողորմությունը քեզանից չի հեռանա, և իմ խաղաղության ուխտը չի սասանի» (Եսայա 54.10): Աստված այնքան հավատարիմ է, նույնիսկ, եթե սարերը շարժվեն ձեր շուրջը, դուք կարող եք կառչել Նրա հոգատարությունից և ուշադրությունից;
7. «Նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի ու իմ Աստծուն աղաղակեցի. Նա իր տաճարից լսեց իմ ձայնը ու իմ աղաղակը հասավ Նրա առաջ` Նրա ականջին» (Սաղ. 18.6): Ձեր երկնավոր հայրը միշտ լսում ու հասկանում է ձեզ, հետևաբար ձեզ միշտ լսող Մեկը կա։
8. «Որովհետև Ես` Տերս, քո Աստվածը, զորացնում եմ քո աջը` քեզ ասելով՝ մի վախենա. Ես քեզ կօգնեմ» (Եսայա 41.13): Միայնակությունը կանհետանա, երբ գիտակցես, որ Ամենակարող Աստվածը բռնել է քո ձեռքը ու քեզ զորացրել:
9. «Ուժեղացեք ու քաջ եղեք, մի զարհուրեք ու նրանցից մի վախեցեք, որովհետև քո Տեր Աստվածն Ինքն է քեզ հետ գնում. Նա քեզ չի թողնի ու քեզ չի լքի» (Բ Օրինաց 31.6): Տիեզերքի Արարիչը քո թիմից է և նա քեզ երբեք չի լքի:
Քաջալերվիր քո Աստծո սիրո ներկայությունից` իմանալով, որ Նա միշտ կկանգնի քո կողքին։ Եվ կիսվիր այս ամենով քո սիրելիների հետ:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Աղբյուր` amazingfacts.org