Մովսեսի աղոթքը՝ Եթե քո առջև շնորհք եմ գտել...
«Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջին շնորհք գտա՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ. Եվ տես որ այս ազգը քո ժողովուրդն է… Եթե քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այս տեղից մի հանիր։ Եվ ինչո՞վ պիտի գիտացվի, թե շնորհք գտա քո առաջին ես և քո ժողովուրդը. չէ՞ որ քո մեզ հետ գնալովը. Եվ այսպես ես և քո ժողովուրդը երկրի երեսի վրա եղած բոլոր ժողովուրդներիցը կգերազանցենք»: Ելից 32.13, 15-16։
Սա մի աղոթք է, որը հիմնարար է և օրինակելի: Մովսեսը հասկացել էր Տիրոջ շնորհքի գաղափարը: Եթե Քո առջև շնորհք եմ գտել…
Ի՞նչ էր շնորհքը Մովսեսի համար: Դա Տիրոջ ներկայությունն էր: Նա ամեն բանից առավել գնահատում էր Աստծո ներկայությունն իր կյանքում և Նրա առաջնորդությունը Աստծո ժողովրդի կյանքում:
Եթե Քո առջև շնորհք գտա, սովորեցրու ինձ Քո ճանապարհները, որ ճանաչեմ Քեզ, որ Քո առջև շնորհք գտնեմ: Մովսեսը գիտեր, որ Աստծո առջև շնորհքի մեջ կարող են հարատևել միայն Նրա ճանապարհները ճանաչողներն ու դրանցով ընթացողները: Մովսեսի համար բավարար չէր վառվող մորենու մոտ գտած շնորհքը: Նրան չէր բավարարում Եգիպտոսի լծից ազատագրվելու և Կարմիր ծովով անցնելու շնորհքը: Նա ուզում էր Տիրոջ հարատև ներկայությունն ու անխափան առաջնորդությունը իր և Աստծո ժողովրդի կյանքում:
Եթե Քո ներկայությունը մեզ հետ չի լինելու մեզ ոչ մի ազատագրություն էլ պետք չէ: Եթե Քո ներկայությունը մեզ հետ չի լինելու, մեզ ոչ մի խոստացված երկիր էլ պետք չէ: Պետք չեն հաղթանակները, պետք չի խաղաղությունը, չի կարող լինել ուրախություն և արդարություն: Մեզ ոչինչ պետք չէ, եթե չի լինելու Քո ներկայությունը մեզ հետ: Մովսեսը հասկացել էր, որ ոչինչ չի կարող իմաստ ունենալ, եթե Աստված է լքել մարդուն: Նա խնդրում էր, որ Աստված իրեն սովորեցնի Իր ներկայության մեջ մնալու կերպը: Նա փնտրում էր Տիրոջ երեսը:
Կարո՞ղ ենք մենք այսօր աղոթել Մովսեսի պես: Կարո՞ղ ենք Մովսեսի պես փափագել Աստծո ներկայությանը: Փափագել այն ամեն բանից առավել: Փափագել մեր կյանքից ու բարեկեցությունից առավել, մեր երազանքներից ու նպատակներից առավել:
Մեզ պետք չի ոչինչ, եթե Քո ներկայությունը մեզ հետ չի լինելու: Մեզ պետք չի որևէ հաջողություն ու հաղթանակ, պետք չեն մարդկանցով լեցուն դահլիճները, մեզ պետք չի բարեկեցիկ երկիրը կամ լավ աշխատանքը կամ մեկ այլ բան, եթե Դու մեզ հետ չես լինելու, մեր Տե՛ր: Էլ ինչո՞վ պիտի երևա, որ շնորհք ենք գտել Քո առջև, եթե ոչ Քո ներկայության քաղցրությամբ: Մովսեսը այսպես էր աղոթում: Իսկ մե՞նք…
Տեր Հիսուսի անունով Աստծո ներկայության ու շնորհքի հանդեպ անհագ փափագ և Նրա ճանապարհները ճանաչելու իմաստություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղե՛ք օրհնված:
Հեղինակ՝ Արման Մանուկյան
Աղբյուրը՝ CrossNews.am