Վատ օրդ վերափոխի´ր լավի
Շաբաթը վերջանում է, բայց ոչինչ ձեր ուզածով չի անցել. խնդիրներ աշխատանքի վայրում, ընտանիքում, նույնիսկ բողոքում են երեխաները: Իհարկե ձեզ հյուր է եկել վատ տրամադրությունը և բաց չի թողնում: Ուզում եմ ձեր ձեռքը հանձնել մի քանի կարևոր բանալիներ, որոնց օգնությամբ թույլ չեք տա, որ մարդիկ, իրադարձություններն ու հանգամանքները թելադրեն ձեր տրամադրությունը: Իհարկե դա այդքան էլ հեշտ չի տրվելու ձեզ, բայց կօգնի շրջել ձեր վատ օրը, վերափոխել այն լավի:
Շնորհակալ լինել: Ձեր օրը սկսե´ք շնորհակալ լինելով: Հիշե´ք բաներ, որոնց համար արժե գոհանալ: Օրինակ՝ գիշերվա լավ ու հանգիստ քունը, ընտանիքը, ընտանիքի անդամների առողջությունը, լավ ընկերները և այլն: Եթե ձեր օրը սկսեք օրհնություններով, ձեր տրամադրությունը կդառնա լավը:
Նկատե´ք, տեսե´ք լավը: Ուշադրությո´ւն դարձրեք այն դրական բաներին, որոնք կատարվում են ձեզ հետ, ձեր շուրջը: Եթե մենք կենտրոնանանք խնդիրների վրա, ամենուր կտեսնենք միայն խնդիրներ, որոնք ուղղակի բացասաբար կազդեն մեր տրամադրությանը: Իսկ եթե մենք կենտրոնանանք այն լավ բաների վրա, որոնք ունենք, կսկսենք ժպտալ: Կտեսնենք, որ չնայած կան որոշակի դժվարություններ, բայց Աստծո ձեռքը մեզ վրա է, և ինչպես Նա մեզ տվել է շատ բարիքներ, կշարունակի տալ և օգնել՝ հաղթահարելու դժվարությունները:
Սկսե´ք բարձրաձայն գնահատել ձեր կյանքում ունեցած մարդկանց: Մենք կարող ենք շատ դրական բաներ մտածել մեզ շրջապատող մարդկանց մասին, բայց չասել նրանց այդ մասին: Բարձրաձայնելով գովասանքի, գնահատանքի խոսքեր և նույնիսկ ձեր սերը ձեզ շրջապատող մարդկանց հանդեպ՝ կբարձրացնեք ինչպես ձեր, այնպես էլ նրանց տրամադրությունը: Այս նույնը կարող եք կիրառել աշխատավայրում՝ գնահատելով գործընկերոջ կատարած լավ աշխատանքը:
Ավարտե´ք այս նախադասությունը՝ Կյանքի լավագույն բաները տրվում են անվճար՝ ներառյալ … :
Հուսով եմ, որ այդտեղ դուք կմտածեք նաև Աստծո անվերապահ սիրո և Նրա շնորհի մասին: Այս երկուսից պետք է ձեր սիրտը ճախրի: Վատ օրը լավի վերափոխելու համար դուք պետք է սովորեք գոհանալ՝ անկախ նրանից, թե կյանքը ինչ է նետում ձեզ վրա: Եթե գոհանաք ձեր ունեցածի համար, նկատեք օրհնությունները և կենտրոնանաք Աստծո բարության վրա, ձեր տրամադրությունը կվերափոխվի:
Նորոգե´ք ձեր միտքը Աստծո ճշմարտությամբ: Որքա՜ն հաճախ է Աստվածաշնչում Աստված խոսում մտքի նորոգության մասին… Մենք չենք կարող կառավարել մեր շուրջը կատարվող դեպքերը, հանգամանքները, մենք միայն կարող ենք վերահսկել և կառավարել մեր պատասխանները դժվարություններին: Իսկ մեր պատասխանները ուղիղ կապ ունեն մեր մտքի, նրա կարգավիճակի հետ: Մենք կարող ենք մեզ զոհի տեղ դնել՝մեղադրելով ուրիշներին, կամ կարող ենք սովորել ու աճել: Ծանր իրավիճակների մեջ փնտրե´ք Աստծուն: Ձեր աչքերը ուղղե´ք Աստծուն և ոչ թե հանգամանքներին, ինչպես Պետրոսը արեց, երբ քայլում էր ջրի վրայով՝ Հիսուսին ընդառաջ: Երբ որ նա շրջեց աչքերը, դադարեց նայել Աստծուն, սկսեց խորտակվել: Երբ մենք հեռացնենք մեր աչքերը Աստծուց, կարող ենք ընկղմվել վատ օրվա մեջ:
Հավատալ: Աստված Իրեն սիրողների համար ամեն բան բարիին գործակից է անում, նույնիսկ օրվա ընթացքում պատահող վատ բաները: Պողոս առաքյալը մեզ քաջալերում է, որ դժվար ժամանակների մեջ չկորցնենք մեր տեսիլքը: Նա շատ վատ օրեր ունեցավ բանտում: Բայց նա հույսով լցված էր այն լավ օրերի համար, երբ պիտի լիներ Աստծո կողքին: Նա իր բոլոր իրավիճակների մեջ ուրախանում էր: «Գոհ լինել», «գոհանալ» նշանակում է ամբողջովին վստահել Աստծուն:
Հիսուսը Իր կյանքի վատագույն օրը վերափոխեց մեզ համար լավագույն օրվա: Նրա զոհաբերությունը խաչի վրա մեզ տվեց հավիտենական կյանք և խաղաղություն Նրա հետ: Մենք ամեն առավոտ կարող ենք արթնանալ և հավիտենական երախտիք զգալ Նրա զոհաբերության համար:
Այսպիսով՝ ձեր վատը օրը դարձրե´ք լավագույնը՝ հիշելով, որ Աստված ձեզ հետ է՝ օգնելու ձեր դժվարության ժամանակ, և բոլոր բաները բարիին գործակից են լինում Աստծուն սիրողների համար:
Հեղինակ՝ Լինդա Միրթլ
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը