Ցավերի ու տառապանքների սուր քամիները
Արթնացի՛ր, ո՛վ հյուսիսային քամի, ե՛կ, ո՛վ հարավ, փչի՛ր իմ պարտեզում, որպեսզի նրա բուրմունքը սփռվի: Իմ սիրեցյալը թող իր պարտեզը գա ու իր ախորժելի պտուղներն ուտի: Երգ Երգոց 4.16
Մի պահ մտածիր այս աղոթքի նշանակության մասին: Նրա իմաստը սա է. ինչպես հոտավետ ծաղիկի կամ բույսի բուրմունքը կարող է թաքնված մնալ ծառի ոստերի եւ տերեւների մեջ, այնպես էլ անփորձ հավատացյալի սրտի մեջ կարող են անտեսված մնալ շատ շնորհքներ: Կան միայն անունով քրիստոնյաներ, որոնցից որեւէ անուշ եւ օրհնյալ հոտ չի բուրում, ոչ էլ Աստծո գործի կամ կյանքի համար որեւէ շնորհք:
Նույն քամին փչում է թե՛ հոտավետ ծաղիկի ու ծառի, թե մացառուտի վրա, բայց հոտավետ ծառն ու ծաղիկն են, որ անուշ բույրեր են սփռում իրենց շուրջը:
Երբեմն Աստված ցավերի ու տառապանքների սուր քամիներ է փչում իր զավակների վրա, նրանց մեջից Իր դրած շնորհները երեւան հանելու եւ դրանք իրենց շուրջը տարածելու համար:
Ճրագը եւ ջահը ինչքան շարժվում են, այնքան ավելի շատ լույս են սփռում իրենց շուրջը: Ճշմարիտ հավատացյալի ամենագեղեցիկ եւ ամենախորունկ նկարագրի գծերը երեւան են գալիս այն ժամանակ, երբ նա անցնում է ամենասաստիկ տառապանքների եւ քամիների միջով: Նա չի կքում, տեղ չի տալիս դառնությանը կամ հառաչանքներին, այլ հեզ ու հանդարտ հոգով, Աստծո հանդեպ ունեցած խորունկ ու աներեր վստահության բույրը արտաբերում ու սփռում է իր շուրջը:
Ցավերի եւ ծանր վշտերի մեջ է օրհնության, գոհության եւ փառաբանության անուշ բույրը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից