Սուրբ Ծննդյան նամակ` կոտրված սրտերին
Գիտեմ, որ հիմա, այս նամակը կարդալով, գուցե դուք ձեզ միայնակ եք զգում: Գիտեմ, որ ձեր ներսում ձեր սիրտը ասես հազար մասերի բաժանված լինի: Եվ գիտեմ, որ ինքներդ ձեզ հարց եք տալիս, թե արդյոք այս ցավը երբևէ հեռանալո՞ւ է:
Ես ասում եմ դա, որովհետև ինքս անցել եմ այդ ժամանակներով: Եվ հիմա, երբ արդեն տարիներ են անցել այդ օրերից, ես ուզում եմ մի քանի ճշմարտություններ ասել կոտրված սիրտ ունեցող մարդկանց այս Սուրբ Ծնունդին:
Գիտեմ, որ գուցե հիմա դուք չեք տեսնում Նրան, սակայն Աստված ձեզ հետ է:
Ես մի ժամանակ նույնպես չէի տեսնում Նրան, սակայն հետ նայելով՝ ես հիմա գիտեմ, որ Աստված ինձ հետ էր այդ բոլոր տարիներին: Հայրս մահացել էր, և ես պայքարում էի ներսումս: Երբ ես նման վիճակում էի, Աստված հավաքում էր իմ արցունքները:
Երբ ես ջանք էի թափում՝ հասկանալու ամեն բան, Նա իմ կողքին էր: Երբ ողբերգությունը խլել էր ողջ գեղեցկությունը կյանքիցս, Նա իմ կողքին էր` իմ խավարի մեջ և թույլ էր տալիս, որ անհանգստությունն ու ընկճվածությունը ինձ ծնկի բերեն, որ ես վերջապես ունակ լինեմ ընդունելու Իր սերը:
Հիսուս մեզ հետ է՝ Էմմանուէլը (Մաթևոս 1.23): Նա եկավ «կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու»՝ մեր սրտերը բժշկելու, «Սգավորներին մխիթարելու», տալու մեզ «փառք մոխրի տեղ, ուրախության յուղ՝ սուգի տեղ և գովության պատմուճան հանգած սրտի տեղ» (Եսայի 61.1-3):
Հիսուս չի թողնում մեզ մենակ մեր ցավերի մեջ: Նա տեսնում է դրանք ամբողջությամբ՝ ամեն չնչին մանրամասներով: Նա եկավ աշխարհ, միացավ մեզ, տառապեց և հետո Նա բժշկեց մեզ:
Հովհաննես 16.33-ում գրված է. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»: Սա Հիսուսն էր ասում՝ Միակը, Ով թույլ է տալիս մեզ հաղթահարելու դժվարությունները, որ հանդիպում ենք այս աշխարհում: Մեր հույսը Քրիստոսի մեջ է միայն:
Գուցե հիմա բարկացած եք, կարծում եմ, որ դա նորմալ է: Նորմալ է լինել բարկացած, սակայն ես ոգեշնչում եմ ձեզ գործելու՝ չնայելով ձեր զգացմունքներին: Ես ձեզ կոչ եմ անում անկեղծ լինել Աստծո հետ և խոսել Նրա հետ ձեր զայրույթի մասին, ձեր բոլոր պայքարների մասին՝ խնդրելով Նրան օգնել ձեզ ճիշտ գործելու՝ չնայած այդ ամենին:
Հիշե՛ք, Աստված ձեզ հետ է:
Աստված ձեզ հետ է. Նա հավաքում է ամեն արցունք: Նա տեսնում է ամեն ցավ ու կբժշկի դրանք:
Ես աղոթում եմ, որ Աստծո օրհնությունների լիությունը լինի ձեզ հետ այսօր: Ես աղոթում եմ Նրա խաղաղության համար, որը վեր է ամեն հասկացողությունից: Աղոթում եմ, որ դուք ճանաչեք և իմանաք Նրա սիրո խորությունը ձեր հանդեպ:
Եվ ես աղոթում եմ, որ դուք իրապես տեսնեք ու զարմացած մնաք Տիրոջ գործերի վրա ձեր կյանքում, այն ամենի վրա, ինչ Նա անում է այս, թեկուզև, դժվար ժամանակների մեջ, և որ դուք տեսնելով այդ ամենը՝ հավիտյան ձեր սիրտը կապեք Նրա հետ:
«Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասեցան նրա գթությունները. Նրանք ամեն առավոտ նորանոր են. Մեծ է քո հավատարմությունը» (Ողբ Երեմիայի 3.22-23):
Լոուրի Կումբս