Սիդնեյ Մակլաֆլինը նվաճեց իր 2-րդ ոսկե մեդալը Տոկիոյի օլիմպիական խաղերում
Սիդնեյ Մակլաֆլինը շաբաթ օրը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ կանանց 4x400 մ մրցավազքում. գրում է cbn.com-ը։
Իր առաջին ոսկե մեդալը նվաճելուց և երեքշաբթի երեկոյան աշխարհի ռեկորդ սահմանելուց հետո Մակլաֆլինը սոցիալական ցանցերի միջոցով ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի իր բազմաթիվ երկրպագուներին հայտարարեց` շնորհակալություն հայտնելով Աստծուն․
«Թույլ տվեք սկսել ինձ այն մտքով, թե ինչ պատիվ է կարողանալ ներկայացնել ոչ միայն իմ հայրենիքը, այլև Աստծո թագավորությունը», - գրել է Մակլաֆլինը: «Այն, ինչ ես ունեմ Քրիստոսի մեջ, շատ ավելին է, քան՝ իմ կյանքի մնացած բաները: Ես աղոթում եմ, որ իմ անցնելիք ճանապարհները կարողանան արտացոլել առ Աստված իմ հնազանդությունն ու խոնարհությունը»:
Նա ավելացրեց նաև, որ երկնային Հայրը կարող է ուղիներ հարթել անգամ անելանելի իրավիճակներում:
«Նույնիսկ, երբ ամեն բան անիմաստ է, նույնիսկ, երբ ամեն բան անհնար է թվում, Նա ելք կգտնի քեզ համար: Ոչ թե իմ գոհունակության, այլ Նրա փառքի համար», - շարունակեց նա: «Ես երբեք չեմ տեսել, որ Աստված ձախողվի իմ կյանքում կամ որևէ մեկի կյանքում»:
Մակլաֆլինը հիշեցրեց իր հետևորդներին, որ Աստծո կամքը կատարյալ է:
«Այն, որ ես չեմ կարող հաղթել յուրաքանչյուր մրցավազքում կամ ստանալ իմ սրտի յուրաքանչյուր ցանկություն, չի նշանակում, որ Աստված ձախողվել է: Նրա կամքը կատարյալ է։ Եվ Նա պատրաստել է ինձ այսպիսի պահերի համար, որպեսզի ես կարողանամ օգտագործել ինձ տրված պարգևները` ամբողջ փառքը Իրեն ուղղելու համար»:
Մակլաֆլինն իր գրառումն ավարտել է հետևյալ խոսքերով.
«2 օլիմպիական խաղեր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր
Շնորհակալություն Քե՛զ, Աստվա՛ծ»:
Մակլաֆլինի կենսագրությունը Instagram-ի իր էջում ընդամենը մեկ նախադասություն ունի՝ «Հիսուսը փրկեց ինձ»:
Երեքշաբթի երեկոյան իր ոսկե մեդալը նվաճելուց հետո Մակլաֆլինն ասաց, որ ամեն բան գալիս է Աստծուն անվերապահորեն վստահելուց ու փառքն ամբողջությամբ Աստծուն տալուց:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը