Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման եւ լարվածության հրահրման առիթով հուլիսի 16-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդես է եկել հայտարարությամբ. գրում է news.am-ը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը, որը կիրակի՝ հուլիսի 12-ից խլեց առնվազն 16 մարդու կյանք եւ հանգեցրեց ապակայունացման՝ սպառնալով վերաճելու լայնամասշտաբ հակամարտության։

ԵՀԽ-ն խորապես անհանգստացած է առկա զեկույցներով, որոնց համաձայն փոխադարձ հրետակոծությունների հետեւանքով քաղաքացիական անձեր են տուժել եւ քաղաքացիական կարեւոր ենթակառուցվածքներ, ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ անձնական պաշտպանիչ միջոցներ արտադրող Հայաստանի Տավուշի մարզի գործարանը։

Մասնավորապես նոր կորոնավիրուսի համավարակի այս իրավիճակում, որը ներազդել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ԵՀԽ-ն հորդորում է երկու կողմերին՝ հետեւելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  համընդհանուր հրադադարի կոչին՝ հնարավորություն տալով անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրելու համավարակի դեմ պայքարին։ Մինչ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հետեւելու համընդհանուր հրադադարին, ԵՀԽ-ն ցավով արձանագրում է, որ Ադրբեջանը չի հետեւում դրան», - ասված է հայտարարության մեջ։

ԵՀԽ գործող գլխավոր քարտուղարը նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ միջնորդական առաքելությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կոչ ուղղելով կողմերին՝  վերսկսելու դիվանագիտական ջանքեր գործադրել՝ երկու ժողովուրդների միջեւ հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.