«Կրոնի և իրավունքի կենտրոնի» իրավական աջակցությամբ, դատական պաշտպանության եղանակով վերականգնվեցին Սևանի N 5 դպրոցի ուսուցչուհի Շողիկ Եղիազարյանի խախտված իրավունքները։

Սևանի առաջին ատյանի դատարանը վճռեց՝

ա) անվավեր ճանաչել դպրոցի տնօրենի՝ Շ.Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը,

բ) վերականգնել նրան նախկին աշխատանքում՝ հայ գրականություն առարկայի ուսուցչի պաշտոնում,

գ) միջնակարգ դպրոցից հօգուտ  Շ.Եղիազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ։
Վկաների ցուցմունքների համաձայն՝ տնօրենի և ուսուցչի հարաբերությունները երկար տարիներ եղել են լարված, տնօրենն ամեն կերպ ցանկացել է ազատվել նրանից, այդ նպատակով օգտագործել է տարբեր պատճառներ, Շ.Եղիազարյանի նկատմամբ տիրել է հալածանքի մթնոլորտ։ Ուշագրավ է, որ իր նպատակին հասնելու համար տնօրենը շահարկել է նաև ուսուցչի եկեղեցական պատկանելությունը՝ նրան ներկայացնելով որպես աղանդավոր։ Նշենք, որ Շ.Եղիազարյանը ավետարանական հավատքի քրիստոնյա է։

Տնօրենը մանկավարժական խորհրդի նիստին հրավիրել է քաղաքի քահանային՝ քննարկման առարկա դարձնելով ուսուցչի կրոնական հայացքները։ Քահանան ավետարանական ընտանիքի եկեղեցիներին որակել է որպես քայքայիչ աղանդներ, լրտեսներ, ազգային անվտանգության սպառնալիք, ավելի վտանգավոր, քան կորոնավիրուսը։ Ըստ էության, մանկավարժը ենթարկվել է յուրատեսակ հավատաքննության և հալածանքի։

Ի վերջո, տնօրենը երեք անգամ անհիմն կերպով ուսուցչուհու նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ իր պարտականությունները պարբերաբար չկատարելու պատճառաբանությամբ, որից հետո լուծել է նրա աշխատանքային պայմանագիրը։
Դատարանը, անհիմն համարելով Շ.Եղիազարյանին աշխատանքից ազատելը, վճռել է անվավեր ճանաչել տնօրենի հրամանը և ուսուցչին վերականգնել իր աշխատանքում։

Մեր Կենտրոնը հետամուտ է լինելու, որպեսզի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատշաճ գնահատականի արժանացնի դպրոցի տնօրենի արարքը, այն է՝ մանկխորհրդին քահանա հրավիրելով՝ ուսուցչին հավատաքննության ենթարկելը, ինչպես նաև ապագայում բացառի դպրոցներում նման անընդունելի պրակտիկան։

Յուրաքանչյուր անձ ունի խղճի և դավանանքի ազատության իրավունք, և մերժելի է, երբ մանկավարժները կարող են հասարակական պարսավանքի ենթարկվել իրենց կրոնական հայացքների համար։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.