Արթնություն Ֆուլթոն փողոցում. ամեն բան սկսվում է մեկ մարդու աղոթքից
1850թ-ին Ամերիկան ապրում էր ֆինանսական, քաղաքական ու հոգևոր ճգնաժամ: Գործարանները փակվում էին, բանկերը անվճարունակ էին դառնում, այս ամենը հանգեցնում էր հարբեցողության:
Երկիրը տարված էր ստրկության խնդրով և քաղաքացիական պատերազմի շեմին էր: Միայն Նյու Յորքում փողոցներով թափառում էին ավելի քան 30 հազար անգործ մարդիկ: Հանցախմբերը մեծանում էին դեռևս չլսված չափերով:
Միջին դասի ներկայացուցիչները հեռանում էին այդ մեգապոլիսից ավելի բարեկեցիկ նահանգներ՝ քաղաքը թողնելով նոր գաղթականներին ու բնակչության ամենաաղքատ շերտերին:
Եկեղեցիներում իրադրությունը նույնպես անկման եզրին էր: Մարդիկ թափառաշրջիկին հատուկ ապրելակերպ էին վարում և չէին ցանկանում այցելել եկեղեցի: Նոր մարդկանց ապաշխարություն գրեթե չկար:
Այդ ժամանակ Մանհեթթենում հյուսիսային դանիական եկեղեցին աշխատանքի է ընդունում գործարար Ջերեմի Լանֆյեին: Նա պետք է տնետուն գնար ու մարդկանց հրավիրեր եկեղեցի: Ջերեմին մեծ ուրախությամբ է ստանձնում նոր պաշտոնը, սակայն նրա բոլոր ջանքերը անարդյունք են մնում:
Եվ ահա մեկ օր, վերադառնալով անհաջող ավետարանչությունից, Ջերեմին փողոցում տեսնում է մի գործարարի՝ սաստիկ խոժոռ ու հոգնած դեմքով: Այդ տեսարանը խորապես հուզում է նրան: Այդ պատճառով, տուն հասնելուն պես, նա ծնկի է իջնում ու սկսում աղոթել, լացել ու աղաղակել իր քաղաքի համար, որը, թվում էր, թե անելանելի դրության մեջ էր: Հենց նա ծնկի է իջնում՝ աղոթելու, նրա գլխում մի հիասքանչ միտք է ծնվում: Գաղափարը հետևյալն էր. նա պետք է շաբաթը մեկ, կեսօրի ընդմիջման ժամանակ աղոթք կազմակերպեր ու այնտեղ հրավիրեր բիզնեսմեններին:
Երկար-բարակ չմտածելով՝ Ջերեմին միանգամից մի մեծ դահլիճ է վարձում Մանհեթթենի Ֆուլթոն-սթրիթ ֆինանսական շրջանում, փոքրիկ գրքույկներ հրատարակում ու գնում Նյու Յորքի փողոցներ՝ հրավերներ բաժանելու: Նա գործարարներին երեքշաբթի օրերին, ժամը 12-ին հրավիրում է աղոթքի՝ ասելով. «Գուցե Աստված կլսի մեզ, ու Ամերիկան դուրս կգա այս ճգնաժամից»:
Եվ այսպես, 1857թ-ի սեպտեմբերի 23-ին առաջին աղոթքին ուշացմամբ գալիս են 6 հոգի: Բայց Ջերեմիին դա չի կանգնեցնում, և նա որոշում է շարունակել: Հաջորդ շաբաթ արդեն կար 23 այցելու, իսկ մեկ ամիս անց 40 հոգի են հավաքվում աղոթելու:
Օրվա աղոթքի նպատակը պարզ էր. հարազատների, ծանոթների ու համագործակիցների փրկությունը: Եվ հանկարծ, ասես մի բան է կատարվում հոգևոր աշխարհում. Աստված սկսում է հզոր կերպով շարժվել այդ հասարակ ծառայությունների արդյունքում: Բազում գործարարներ, հասարակ մարդիկ խմբերով գալիս են աղոթքի: Բոլոր ցանկացողներին տեղավորելու համար Ջերեմին որոշում է նման աղոթքներն ամեն օր անցկացնել՝ կոչ անելով մարդկանց առ Աստված աղոթքին տրամադրել 15 րոպեից 1 ժամ՝ ճաշի ընդմիջման ժամանակ:
Այդ օրից սկսած՝ ամեն օր Նյու Յորքի հարյուրավոր գործարարներ իրենց կեսօրի ընդմիջման ժամանակ հավաքվում էին Ֆուլթոն փողոցում ու աղոթում Աստծուն: Մի քանի ամիս անց մի խնդիր ծագեց. աղոթքին մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ մարդկանց մեծ մասը մնում էր դրսում՝ հնարավորություն չունենալով ներս մտնել:
Արթնությունը սկսում է թափ հավաքել ու արագորեն ներգրավում քաղաքի մնացած եկեղեցիները: Բառացիորեն 6 ամիս անց միայն Նյու Յորքում ամենօրյա աղոթքներին հավաքվում են 10 հազարից ավելի մարդիկ ու միասին իրենց աղոթքն առ Աստված ուղղում:
Այսպես է սկսվում երրորդ մեծ արթնությունը, որ հայտնի է «Ֆուլթոն փողոցի արթնություն» (Fulton Street Revival) անվամբ:
Այս արթնության գլխավոր բաղկացուցիչն այն էր, որ մարդկանց մեծամասնությունը, ովքեր Աստծուն էին դառնում, գործարարներ էին: Տեղական մեդիաները սկսում էին լուսաբանել այս իրադարձությունը թերթերում, և արթնությունը կրակի պես «բոցավառում» է մնացած քաղաքները, իսկ հետո նաև երկրները: Չիկագոյի, Լույվիլի և Քլիվլենդի վարձու թատրոններում, եկեղեցիներում ու այլ շենքերում կեսօրվա աղոթքներին էին հավաքվում մի քանի հազար գործարարներ: Առաջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի 35 միլիոն բնակչությունից մոտ մեկ միլիոն մարդ դառնում է Աստծուն:
Այսօր պատմաբանները համարում են, որ Ֆուլթոն-սթրիթի արթնությունը Ամերիկայի պատմության մեջ ամենաազդեցիկ ու զորավոր արթնությունն է եղել: Բայց քչերն են հիշում, որ ամեն բան սկսվել է աղոթքի մասին մեկ մարդու հայտնությունից, ով անգամ հոգևոր կրթություն չուներ…
Տե՛ր Աստված, սովորեցրու մեզ աղոթել, ինչպես Ջերեմի Լանֆյեն էր աղոթում…
Հեղինակ՝ Ռոման Սավոչկա
Աղբյուրը՝ CrossNews.am