Ուսումնասիրելով մեծ արթնությունների պատմությունները՝ ես նկատել եմ մեկ ընդհանուր գործոն. արթնությանը միշտ նախորդում էր հոգևոր քաղցը:

Ամեն անգամ կար մի տղամարդ կամ կին, կամ անգամ երեխա, որը դառնում էր ազդակ արթնության համար: Մեկի հոգևոր քաղցը հանգեցնում էր Սուրբ Հոգու շարժին ու զորության դրսևորմանը:

Մենք միշտ մեծ հաճույքով լսում ու կարդում ենք այն մասին, թե ինչ էր կատարվում հենց արթնության ժամանակ, բայց քչերը գիտեն, ինչից է սկսվել ամեն բան:

Նույնը կարելի է ասել 1904թ-ին Ուելսում կատարված արթնության մասին: Այս շարժման հոգևոր ու անվիճելի առաջնորդը 26-ամյա Էվան Ռոբերտսն էր, բայց երկրում հոգևոր մթնոլորտը արդեն իսկ բոցավառված էր մինչև նրա հայտնվելը: Էվանը դարձավ այն կայծը, որը պայթեցրեց վառոդով լի տակառը:

1903թ-ին տեղական հովիվ Ջոզեֆ Ջենկինսը սկսեց ամենօրյա ծառայություններ անցկացնել՝ «Deeper Spiritual Convention» («Ավելի Խորը հոգևոր կյանքի համաժողով») անվամբ: Այս ծառայություններին նա կիսվում էր այն մասին, թե ինչպես էր Աստծուն վերջին ժամանակներում փնտրելիս վերապրել Սուրբ Հոգու կրակը: Այդ ծառայությունները շատ ուժեղ կերպով ոգևորում էին ողջ եկեղեցուն, և բազում անհավատներ՝ հատկապես երիտասարդներ, ընդունում էին Քրիստոսին իրենց սրտերում:

1904թ-ի փետրվարի 14-ին աղոթքի ծառայության ընթացքում այդ եկեղեցու հովիվը հարցնում է, թե ով կցանկանար կիսվել վկայությամբ: Եվ հանկարծ մի երիտասարդ նորադարձ աղջիկ՝ Ֆլորի Էվանս անունով, ոտքի է կանգնում ու ասում. «Ես սիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին իմ ողջ սրտով»: Այս խոսքերից հետո բոլոր մարդկանց միջով ասես էլեկտրական մի ալիք է անցնում, և Սուրբ Հոգին հեղեղում է ողջ հավաքույթը: Մեկ վայրկյանում ծառայության ողջ մթնոլորտը փոխվում է, և մարդիկ մինչ առավոտ տուն չեն գնում:

Բազում պատմաբաններ համարում են, որ հենց այդ իրադարձությունը ազդակ դարձավ մեծ արթնության համար:

Տեղական երիտասարդությունը սկսում է գալ այդ ծառայություններին, որոնց ընթացքում կատարվում է Սուրբ Հոգու շարժը: Հավաքվածները ասես կորչում էին ժամանակի մեջ և երբեմն աղոթում էին 6-8 ժամ շարունակ: Շատերը ժամերով մնում էին ծնկների վրա, մյուսներն արտասվում, ոմանք էլ փառաբանության խոսքերով առ Աստված էին աղաղակում…

Մարդիկ, ովքեր նախկինում ամաչում էին պատմել Աստծո մասին ուրիշներին, հանկարծակիորեն լցվում էին գերբնական խիզախությամբ: Շատ անհավատներ, ովքեր ապրում էին այդ քաղաքում, տեսնելով եկեղեցու վրա կրակ, գալիս էին, որ հանգցնեին այն, բայց փոխարենը հայտնվում էին Սուրբ Հոգու կրակոտ ծառայություններին:

Երբ «London Times» թերթի թղթակիցը գալիս է Ուելս, որպեսզի գրի կատարվածի մասին, նա ցնցված է մնում: Այլևս ոչ ոք չէր գնում ֆուտբոլային հանդիպումների, որոնք մինչ այդ մեծ ժողովրդականություն էին վայելում, ոչ ոք չէր գնում պարերի կամ քաղաքական հավաքների: Բոլոր ակումբները մերձակա շրջաններում փակվել էին, իսկ ոստիկանները բողոքում էին, թե այլևս գործ չունեն անելու:

Փողոցներում և տներում լսվում էր եկեղեցական օրհներգների ձայնը, խանութներում, դպրոցներում և գործարաններում անցկացվում էին համատեղ աղոթքներ: Թերթերից մեկը գրում էր.

«Ամեն առավոտ ժամը 5-ին կարելի է հետևել միևնույն պատկերին: Հանքափորների մեծ բազմություն ծառայություն է անցկացնում գիշերվա հերթափոխից տուն վերադառնալուց առաջ: «Իսկ հիմա՝ ովքեր սիրում են Քրիստոսին, թող իրենց լապտերները վերև բարձրացնեն»,- գոռում է երիտասարդ հանքափորը: Միանգամից բազում լույսեր վեր են բարձրանում, և հանքում հնչում է գոհության նոր երգ»:

Այս արթնությանը գալիս են մասնակցելու հովիվներ Նորվեգիայից, Ճապոնիայից, ՍՄՆ-ից, Հարավային Աֆրիկայից, Կորեայից: Ուելսի արթնության մասնակիցներից մեկը եղել է Դեյվիդ Լլոյդ Ջորջը՝ Բրիտանիայի ապագա վարչապետը: Եվ շատերը, ովքեր վերապրեցին Ուելսի արթնությունը, հետագայում դարձան Ազուզա-սթրիթի արթնության մասնակիցները:

Ըստ մոտավոր տվյալների՝ այդ օրերին Աստծուն են եկել ավելի քան 150 հազար երիտասարդներ. ողջ Ուելսը ցնցված էր:

Այսօր, հիշելով այս մեծ արթնության իրադարձությունները, մենք պետք է հիշենք, որ ամեն բան սկսվեց առ Աստված քաղցից: Եվ այն երիտասարդ աղջկա պարզ ու անկեղծ նախանձավորությունը մթնոլորտը պայթեցրեց գալիք արթնությամբ:

Ռոման Սավոչկա

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.