ՊԻՆԴ ԲՌՆԵՔ ՁԵՐ ՍՊԱՍՈՒՄԸ
Տարեց հասակում Աբրահամը շատ ազգերի հայր դառնալու խոստում ուներ, սակայն իր իրավիճակն անհույս էր թվում իրեն։ Նույն կերպով ձեր իրավիճակները կարող են անհույս թվալ ձեզ՝ բնական տեսանկյունից։ Այնուամենայնիվ, դուք չեք կարող հիմնել ձեր սպասումները բնական իրադարձությունների վրա։ Անկախ այն բանից, որ հավատք ունեք Աստծո հանդեպ՝ ձեր կյանքում լինելու են հիասթափություններ և վշտեր, քանի որ դրանք պարզապես այս կյանքի մասն են։ Բայց հիասթափությունների և վշտերի մյուս կողմում ճշմարիտ սպասումն է Աստծուց, որը վեր կբարձրացնի ձեզ դրանցից։
Հին Կտակարանում եբրայերեն «սպասել» կամ «ապավինել» բառը հաճախ օգտագործվում է «ճշմարիտ սպասում» իմաստով։ Եսայի 40.31-ում գրված է հետևյալը. «... Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի»։ Այլ կերպ ասած՝ եթե Աստված ինչ-որ բան է խոստացել ձեզ Իր Խոսքում, և դուք ի սրտե ընդունել եք, կարող եք չկասկածել, որ Նա կկատարի այդ խոստումը։ Երբ Նրա խոստումներն իրական դառնան ձեզ համար, դրանք կնորոգեն ձեր ուժերը և կօգնեն հաղթահարել մարդկանց կարծիքները և ձեր թվացյալ հանգամանքները։
Դուք չպետք է թողնեք ձեր սպասումը։ Դուք չպետք է անեք դա, նույնիսկ եթե ձեր ընտանիքի անդամներն ասեն. « Դու անմի՛տ ես, եթե հավատում ես այդ բաներին։ Դու անխե՛լք ես։ Դու շարունակ այդ եկեղեցի ես գնում և փող ես տալիս նրանց։ Դու ամեն ժամանակ այնտեղ ես և ներկա ես նույնիսկ նրանց աղոթքի հավաքույթներին։ Դու գնում ես կիրակի առավոտյան, կիրակի երեկոյան, շաբաթվա կեսին և նույնիսկ մասնակցում ես նրանց զբոսախնջույքներին։ Չե՞ս տեսնում, որ այդ եկեղեցու միակ նպատակը՝ քո փողն է»։
Ո՛չ. դուք սպասում ունեք Աստծուց, և հենց դա է պատճառը, որ դուք եկեղեցում եք ամեն ժամանակ։ Դուք անում եք ճիշտ այն, ինչ գրված է Եբրայեցիների 10.23-ում. «Եկե՛ք անսասան պահենք այն հույսը, որը դավանում ենք, որովհետև Նա, Ով խոստացել է, հավատարիմ է»։ Դուք սպասում ունեք, որ Աստված կկատարի այն, ինչ խոստացել է, և չեք սասանվում։
Թո՛ւյլ տվեք մի քանի սահմանում ներկայացնել ձեզ այն մասին, թե ինչ է ճշմարիտ սպասումը.
● Սպասումը դեռևս չտեսած բաների ապացույցն է և համոզվածությունն այն բանում, որ դրանք իրական են։
● Սպասումը փաստ է համարում այն, ինչը դեռ չի հայտնվել զգայարաններին։
● Սպասումն Աստծո խոստումների իրականացման երաշխիքն է։