Պետեր Բյոհլերի ձեռնադրությունը. այս օրը պատմության մեջ
Երբ Մորավյանների առաջնորդ Կունտ ֆոն Ցինցենդորֆը դառնում է եպիսկոպոս, նրա առաջին պաշտոնական քայլը լինում է Պետեր Բյոհլերին ձեռնադրելը: Արարողությունը տեղի է ունենում 1737թ-ի այս օրը` դեկտեմբերի 15-ին:
Պետերը ծնվել էր Ֆրանկֆուրտում (Գերմանիա), ավարտել Յենի համալսարանը: Նրա հոր մեծ երազանքն էր, որ որդին բժշկություն ուսումնասիրի, սակայն երիտասարդն անձամբ հակված էր դեպի աստվածաբանությունը:
Հետագայում Պետերը մեկնում է Ամերիկա` դառնալու միսիոներ և եպիսկոպոս: Այստեղ էլ նա հիմնադրում է շատ Մորավյան բնակավայրեր: Նրա ազդեցությունն ուղղակիորեն զգացվում էր նաև Անգլիայում, ուր ևս մի շարք աշխատանքներ է ձեռնարկում: Ամերիկայում նա առաջիններից էր, ով ստանձնում է սևամորթների կրթության գործը: Բյոհլերն իր մյուս հավատակիցների հետ ձեռնարկում է երկարատև և դժվարին մի ճանապարհորդություն` քարոզելու ստրուկներին: Ծառայում էր նաև հնդիկներին` որպես միսիոներ:
Նրան մեծ ակնածանքով ու սիրով էին վերաբերվում Բեթղեհեմում: Ողջ Մորավյան առաքելության մութ տարիներին, երբ գաղութները պարզապես ավերակ էին դառնում պատերազմների հետևանքով, մարդիկ նրա վրա մեծ հույս էին դնում:
Սակայն Պետերի անունն առավել կապված է Ուեսլի եղբայրների հետ: Ցինցենդորֆին ուղղված մի նամակում նա գրում է. «Ես ճանապարհ ընկա երկու եղբայրների` Ջոն և Չարլզ Ուեսլիների հետ` Լոնդոնից մինչև Օքսֆորդ: Ջոնը բարի անձնավորություն է և գիտակցում է, որ պատշաճ կերպով չի հավատում Փրկչին, սակայն մեծապես ձգտում է դեպի դա…»:
Կարծելով, որ ամեն կերպ Աստծուն հաճեցնելով իրենք արդեն իսկ փրկված են, եղբայրները Պետերի հետ զրույցի ընթացքում հասկանում են, որ դա այդքան էլ այդպես չէ: Հետագայում նրանք երկուսն էլ ընդունում են, որ փրկությունը միայն հավատքով է գործում, և այդ ամենը բերում է Մեթոդիստական շարժման բացառիկ աճի:
Պետերը մահանում է 1775թ-ին Լոնդոնում` 62 տարեկան հասակում: Նրա մահից հետո Ֆրանկֆուրտում մի փողոց կոչում են ի պատիվ Պետեր Բյոհլերի:
Աղբյուր` christianity.com