Պայքարել դժվարին ժամանակներում.Դեյվիդ Ուիլքերսոն
«Ասեցէք թուլասիրտներին, Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է» Եսայիա 35.4:
Դու չես կարող պայքարել հավատքի քո ճակատամարտում ՝ չլսելով Տիրոջդ վստահեցնող ձայնը: Երբ Դավիթն ու իր մարտիկները վերադարձան մարտից և տեսան, որ իրենց գյուղը ենթարկվել է հարձակման, իսկ իրենց ընտանիքները՝ առևանգվել, նրանք աղաղակեցին. «Ինչպե՞ս կարող էր դա պատահել: Ինչո՞ւ Աստված թույլ տվեց դա: «Եւ Դաւիթը եւ իր հետ եղող ժողովուրդն իրանց ձայները բարձրացրին եւ լաց եղան, մինչեւ որ նորանց վերայ ոյժ չմնաց լալու»(Ա Թագավորաց 30.4):
Դավիթի կյանքի այս դրվագը ցույց է տալիս, որ կան նաև լաց լինելու ժամանակներ, երբ աղետալի իրավիճակներ են ստեղծվում: Բայց հետո նա ինքն իրեն քաջալերում է. «Բայց Դաւիթը զօրացաւ իր Տէր Աստուծովը» (30. 6):
Դավիթը վախենալու փոխարեն որոշեց պայքարել իր վախերի դեմ: Հավատացած եմ, որ նա դա արեց՝ հիշելով Աստծո՝ իր կյանքի անցյալում կատարած ազատագրումները: Յուրաքանչյուր հաղթանակ նրա կյանք էր եկել շնորհիվ իր անսասան հավատքի:
«Ասեցէք թուլասիրտներին, Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է»(Եսայիա 35.4):
Մինչ աշխարհը լի է վրեժխնդրությամբ, երբ ամեն բան թվում է ամբողջովին վերահսկողությունից դուրս եկած, Աստված շարունակում է մեր փրկության գործընթացը: Նա Իր փրկությունն իրականացնելու համար օգտագործում է նույնիսկ համաշխարհային իրադարձությունների քաոսը: Նա հավատարիմ է փրկելու և պահելու Իր ժողովրդին՝ անգամ առաջ եկող յուրաքանչյուր աղետի միջոցով:
Ինչ վերաբերում է Աստծո ժողովրդին, մենք ունենք հավիտենական Սուրբ Հոգին՝ երկնքից խոսք մեզ փոխանցելու համար: Ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր հավատացյալի համար այսօր մարտահրավեր է Աստվածաշնչի խոսքում ամուր կանգնած մնալը մինչ այն պահը, երբ Սուրբ Հոգին կբացի Աստծո խոստումները Սուրբ Գրքից՝ յուրաքանչյուր հավատացյալի համար անհատապես: Մենք կարող ենք հասկանալ, թե երբ դա տեղի կունենա, երբ կլսենք Հոգու նուրբ և քնքույշ ձայնը, որը կշշնջա. «Այս խոստումը քոնն է: Այս Աստվածային Խոսքը, որն ուղղված է հենց քեզ, օգնելու է այս դժվարին ժամանակներում:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը