Պատրա՞ստ ես հարսանիքին
Մենք ապրում ենք 21-րդ դարում՝ ստի, բռնության, կեղծիքի, գողության, սպանության կամ մեկ խոսքով ասած՝ մեղքի դարաշրջանում: Այսօր շատ դժվար է արթնանալ և ամբողջ օրը պահել սրբությունդ ու մաքրությունդ Աստծո առաջ: Բայց որքան էլ դժվար լինի, Սուրբ Հոգին օգնում է մեզ հաղթահարել դա, երբ մենք ջանք ենք անում, աղոթք բարձրացնում Աստծո առաջ, ցույց տալիս մեր անհանգստությունն ու ուշադրությունն այդ հարցի համար:
Սակայն շատ քրիստոնյաների կյանքում գալիս է մի իրավիճակ, երբ նրանց դուռը թակում է անտարբերությունը: Գուցե շատ դանդաղ, գուցե քիչ-քիչ, բայց նրանք սկսում են բացել այդ դուռը, և երբ այն ամբողջությամբ ներխուժում է ներս, մարդը դառնում է անտարբեր իր սրբության, աղոթքի, ընթերցանության հանդեպ և ի վերջո, կամա թե ակամա սկսում ապրել միայն այս երկրային կյանքի համար:
Անտարբերությունն էլ մեր հոգևոր կյանքի հանդեպ իր հետ բերում է մեղք՝ առանց մեզնից թույլտվություն հարցնելու: Երբեք չպետք է թույլ տաս, որ քո հոգևոր կյանքը դառնա սովորական մի բան քեզ համար, ինչպես ամեն օր արթնանում ես, գնում աշխատանքի կամ դասի, ինչպես ճաշ ես պատրաստում կամ խաղում, կամ երաժշտություն լսում...երբե՛ք չպետք է այդ նույն սրտով և տրամադրվածությամբ նայես քո աղոթքին կամ ընթերցանությանը: Դրանք ամեն անգամ նորովի կարող են լինել, եթե դու նորովի վերաբերմունք ցույց տաս, սպասես, որ Սուրբ Հոգին այսօր մի այլ կերպ է օրհնելու քո հաղորդակցությունը, մեկ այլ կերպ է լեցնելու քեզ: Մեր Տերը կարող է ամեն օր յուրահատուկ կերպով օրհնել մեզ՝ պատրաստելով մեզ հարսանիքին:
«..․Փեսան եկավ, և պատրաստները Նրա հետ հարսանիք մտան» /Մաթ. 25.10/։
Եթե թույլ չտաս, որ անտարբերությունը գա քո կյանք, եթե քո հոգևոր կյանքին նայես այնպես, ինչպես նայում էիր, երբ դեռ Տիրոջը նոր էիր ընդունել՝ սպասումով, սովորելու, լեցվելու և մոտենալու ցանկությամբ, ուրեմն՝ դու ամեն օր կկարողանաս պատրաստել քեզ՝ մաքուր պահելով քեզ մեղքից, սպիտակ հանդերձներով, ով ամեն րոպե սպասում ունի, որ իր Տերը հիմա կգա։
Գուցե հենց այս վայրկյանին, երբ դու կարդում ես այս տողերը, գալիս է Փեսան...արդյոք Նա քեզ պատրաստ է տեսնելո՞ւ, արդյոք ունենալո՞ւ ես ճերմակ հանդերձները, որովհետև հարսանիքի մուտքը միայն ճերմակ հանդերձներով է...
Քրիստինե Աթոյան