ՊԱՐԱՆԸ
Մի մարդ հուսահատ երկնքին է նայում ու ասում.
- Տե՛ր Աստված, ախր ես շատ անարժան մարդ եմ: Ամեն անգամ խոստանում եմ, որ այլևս նույն մեղքը չեմ գործի, բայց հաջորդ պահին դրժում եմ խոստումս ու ընկնում միևնույն մեղքի մեջ: Ինչքա՞ն պիտի համբերես ու ներես ինձ…
Այդ պահին հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը, մոտենում է այս մարդուն ու մի երկար պարանով ամուր կապում նրա գոտկատեղը, իսկ պարանի մյուս ծայրը պահում է իր ձեռքում:
Այդ ամենից զարմացած մարդը հարցնում է.
- Այս պարանով կապում ես, որպեսզի հասկանամ, թե այլևս ներում չունե՞մ:
Գաբրիել հրեշտակապետը պատասխանում է.
-Շուտով, ինչպես միշտ գնալու ես ու ընկնես ամեն անգամվա ճահիճի մեջ: Հիսուս այս պարանով քեզ դուրս պիտի քաշի ու հանի այդ ճահիճից: Այս պարանը խորհրդանշում է Աստծո շնորհը, որ հավատքի ու ապաշխարության միջոցով քեզ ներում է շնորհում: Ինչքան հավատքդ մեծ լինի, այնքան պարանն ամուր կլինի, իսկ եթե հավատքդ թույլ լինի` այն կնմանվի դերձակի բարակ թելին, որը հեշտությամբ կտրվում է: Արդ, եթե հավատքով Աստծուն ես նայում` Քրիստոսի շնորհով Աստված քեզ միշտ կների և ճահիճներից հանելով կփրկի ու կառաջնորդի:
Հովհաննես սարկավագ Մանուկյան