Փոս փորողը ինքը մեջը կընկնի. Աստվածաշնչյան թևավոր խոսքեր
- Տերը տվեց, Տերը վերցրեց - «Տէրը տուաւ եւ Տէրն առաւ»: Հոբ 1.21
- Փոս փորողը ինքը մեջը կընկնի - «Ով որ փոս փորէ՝ նորա մէջը կընկնի. Եւ ով որ քար գլորէ՝ նա նորա վերայ կդառնայ»։ Առակաց 26.27
- Մարգարեն իր տանը տեղ չունի - «Մի մարգարէ անարգուած չէ, բայց միայն իր գաւառի եւ իր տան մէջ»: Մաթ. 13.57
- Տաղանդը թաղել հողում - «Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թագցրեց»: Մաթ. 25.18
- Ինչ ցանես, այն էլ կհնձես - «Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ»: Գաղ. 6.8
- Ով աշխատի, նա կուտի - « …եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ»: 2 Թես. 3.10
- Ամեն բան իր ժամանակն ունի - «Ամեն բանի ժամանակ կայ…Քարեր դէն գցելու ժամանակ, եւ քարեր ժողովելու ժամանակ»: Ժող. 3.1,5
- Քամի ցանես, փոթորիկ կհնձես - «Քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն»: Ովսե 8.7
- Ով մեզ վրա սրով գա, սրից էլ կմեռնի - «…բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն»: Մաթ. 26.52
- Խոզերի առաջ հուլունքներ գցել - «Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. Որ նորանց կոխ չ’տան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն»: Մաթ. 7.6
- Ով մեզ հետ չէ, մեզ հակառակ է - «Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է, Եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է»: Մաթ. 12.30
- Երկրի աղը - «Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանայ, ի՞նչով կ’աղանուի. Այլ եւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի»: Մաթ. 5.13