Փնտրե՛ք ծածուկը.Դեյվիդ Ուիլկերսոն
«Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. Եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ» (Մատթեոս 6.6):
Մենք ամենուր կարող ենք ունենալ «աղոթքի մեր գաղտնի պահարան»–ը: Դա կարող է լինել մեքենայում, ավտոբուսում, աշխատանքի ընդմիջման ժամանակ: Սա տարածական չափով ճիշտ է, բայց այն իր մեջ ավելին է ներառում: Հունարեն բնագրից բառը թարգմանվում է որպես «ծածուկ վայր»: Սա մի պարզ բան էր Հիսուսի՝ այն ժամանակվա հետևորդների համար, քանի որ հրեական մշակույթում ընդունված էր տներում ունենալ ներքին սենյակներ, որոնք ծառայում էին որպես պահեստներ: Հիսուսի պատվերն էր մտնել այդ գաղտնի «պահարանը» և փակել դուռը: Այնտեղ դուք կմտնեք այնպիսի մի աղոթքի մեջ, որը հնարավոր չէ փորձառել միաբան պաշտամունքի կամ աղոթքի հոգսակցի հետ:
Հիսուսը դրա վառ օրինակն էր, երբ Նա գնում էր առանձնացված վայրեր աղոթելու: Առավել զբաղված կյանք, քան Հիսուսինն էր, չկար։ Ու չնայած դրան. «Եւ լուսածագին առաւօտանց շատ կանուխ վերկացաւ՝ դուրս եկաւ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղօթք էր անում»(Մարկոս 1.35): «Եւ երբոր ժողովուրդներին արձակեց, վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. Եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ» (Մատթեոս 14.23):
Մենք բոլորս արդարացում ունենք, թե ինչու միայնակ չենք աղոթում: Մենք ասում ենք, որ ոչ մի մասնավոր տեղ կամ ժամանակ չունենք դա անելու համար: Թոմաս Մանթոնը՝ աստվածավախ մի գրող, գրել է. «Մենք ասում ենք, որ ժամանակ չունենք ծածուկում աղոթելու: Բայց միշտ ժամանակ ունենք ուտելու, խմելու, երեխաների համար՝ ժամանակ չունենալով այն կարևոր բանի համար, ինչն իրապես պաշտպանում է մնացյալը: Մենք ասում ենք, որ հարմար ծածուկ վայր չունենք, բայց Հիսուսը գնաց սար, Պետրոսը՝ տանիք, իսկ մարգարեները՝ անապատ: Եթե ինչ-որ մեկին սիրում ես, մենակ մնալու վայր կգտնես»:
Արդյոք նկատո՞ւմ է ձեր սիրտը ծածուկում աղոթելու կարևորությունը: Դա ոչ թե օրինապահության կամ ստրկության մասին է, այլ՝ սիրո: Դա Աստծո՝ մեր նկատմամբ անսահման բարության մասին է: Նա տեսնում է և գիտի, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Դրա համար մեզ հսկայական հոգևոր պաշարներ են անհրաժեշտ և ամենօրյա հոգևոր լեցունություն: Իսկ այդ ամենը գտնվում է բացառապես ծածուկում՝ Նրա հետ հաղորդակցվելիս։
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org