Ուրախությամբ ծառայեք Տիրոջը
Երբ մտածում եք հնազանդության մասին, արդյոք միանգամից ձեր մտքին գալի՞ս է «ուրախություն» բառը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, բայց Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ուրախությամբ հնազանդվել Աստծուն։ Եվ, այնուամենայնիվ, պարզվում է, որ Աստծուն ծառայելիս շատ ուրախանալու պատճառներ կան։
Եկեք նախ նայենք, թե ինչ է ասվում Աստվածաշնչում ուրախությամբ հնազանդվելու մասին։
Սաղմոս 100.2 խոսքում գրված է. «Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ…»։
«Քո հրամաններով եմ ուրախանալու ու Քո խոսքը չեմ մոռանալու» (Սաղմոս 119.16)։
Այնուհետև նույն Սաղմոսում գրված է.
«Ուրախանալու եմ Քո պատվիրաններով, որոնք սիրում եմ» (Սաղմոս 119.47)։
Սաղմոսների հեղինակները մեզ նորից ու նորից հրահանգում են ուրախությամբ հնազանդվել Աստծուն։ Հետո ասում են, որ իրենք ևս սիրում են հնազանդվել Տիրոջ պատվիրաններին։ Ահա երեք շարժառիթ Աստծուն ուրախությամբ հնազանդվելու համար.
1. Երբ սկսեք Աստծուն հնազանդվել, ավելի քիչ խնդիրներ կունենաք։ Աստված ստեղծել է ձեզ և տվել կյանքի համար ձեռնարկը՝ Աստվածաշունչը։ Եթե հնազանդվեք Աստծո խոսքին, ավելի քիչ խնդիրներ կունենաք։ Դա նման է հեծանիվ հավաքելուն. եթե հետևեք հրահանգներին, գործընթացը շատ ավելի հեշտ կլինի։ Եթե հետևեք այս կյանքի ձեռնարկին, կյանքն ավելի հաճելի կդառնա։
2. Ի վերջո, դուք կվարձատրվեք երկնքում և կտեսնեք, որ Աստծո խոստումները կատարվում են։
«Երանելի է այն մարդը, որ դիմանում է փորձություններին, քանի որ եթե փորձվելուց հետո ընտիր համարվի, ստանալու է կենաց պսակը, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին» (Հակոբոս 1.12)։
3. Եթե սիրում եք Աստծուն, ապա, բնականաբար, պետք է ծառայեք Նրան։ Աստվածաշնչում գրված է. «Որովհետև Աստծո սերն այն է, որ պահենք Նրա պատվիրանները. և Նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5.3)։
Ամուսնական հարաբերություններում որքան երկար ժամանակ են ամուսնացած լինում երկու անձինք, այնքան մեկն ավելի շատ է հասկանում, թե ինչն է վիրավորում մյուսին։ Եվ նրանք գիտակցաբար ընտրում են չանել բաներ, որոնք զայրացնում են սիրելիին։ Երբ երկար տարիներ քայլում եք Աստծո հետ, հասկանում եք՝ ինչ է Նա արել ձեզ համար, որքան բարի է ձեր հանդեպ։ Հետևաբար դուք, սիրելով Աստծուն, ուրախությամբ ծառայում եք նրան։
Աստված ձեր սերն Իր նկատմամբ որոշում է ոչ թե ձեր ասած խոսքերի հիման վրա, այլ՝ հնազանդության։ Հիսուսն ասաց. «Եթե Ինձ սիրում եք, Իմ պատվիրանները պահեցե՛ք» (Հովհաննես 14.15)։
Այսպես ենք մենք ցույց տալիս մեր սերը։ Դրա համար սկսեք ծառայել հենց այսօրվանից։ Եվ որքան աճեք սիրո մեջ, այնքան ավելի մեծ ուրախությամբ կպահեք Աստծո պատվիրանները և կծառայեք Նրան։
Հեղինակ՝ Ռիկ Ուորեն
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը