Ու՞մ է նայում քո հավատքը՝ քե՞զ, թե՞ Քրիստոսին
«Հիսուսին նայելով՝ մեր հավատի Հեղինակին ու Կատարողին, որ Իր առջև եղած ուրախության համար խաչը հանձն առավ, ամոթն արհամարհեց ու նստեց Աստծո աթոռի աջ կողմում» (Եբրայեցիս 12.2):
Հավատքի պայքարում մեր թույլ տված ամենամեծ սխալներից է նայելը մեզ շրջապատող մարդկանց կամ նրանց թողած օրինակներին: Մենք կարիք չունենք նայելու նրանց թողած կամ ներկայիս գործերին ու հիմվել դրանց վրա: Հաճախ, կարդալով հին վկայություններ կամ նայելով մեր շուրջը գտնվող քույր-եղբայրներին, ասում ենք. «Մեր հավատքը թույլ է, նման չէ նրանց, մենք չենք կարող անել այն, ինչ նրանք»: Եվ հուսահատվում ենք: Գլխավոր խնդիրն այն է, թե ով է մեր հավատքի օբյեկտը: Դա մա՞րդն է, քո կարողություննե՞րը, թե՞ Քրիստոսը:
Ո՞ւմ կամ ինչի՞ն է նայում մեր հավատքը: Մե՜զ: Ինքներս մեզ: Հիմա բացատրեմ: Քանզի մեզ է տրված պատասխանատվությունն ու պատվերը՝ համբերել ու համառել մինչև վերջ: Մենք նայում ենք ինքներս մեզ և փորձում գտնել բավականաչափ հավատք, որը մեզ կբավականացնի հասնելու վերջին:
Բայց տեսե՛ք, եթե դուք եք այն օբյեկտը, ում նայում եք, ում մեջ եք տեսնում բավարարող հավատքը, ապա ինչի՞ վրա հիմնվելով է դա:
Մենք կանչված չենք հավատալու մեր հավատքին: Մեկ այլ հավատքի օբյեկտի մասին է մեզ հետ բաժնեկցում Եբրայեցիների թղթի հեղինակը: Նա ասում է.«…նայելով Հիսուսին» անընդհատ, շարունակաբար: Եթե մենք ցանկանում ենք հասնել վերջնագծին և վերցնել մրցանակը, ապա պետք է անընդհատ, շարունակաբար նայենք Քրիստոսին: Մենք պետք է հեռացնենք մեզանից ցանկացած բան, որը մեզ հեռու կպահի Քրիստոսին նայելու ընթացքից: Նա է կատարյալ հավատքը, միայն Նա: Նրան նայելով ենք տեսնում մեր հավատքը, Նրան նայելով ենք տեսնում տկա՞ր ենք, թե՞ լեցված:
Ուշադիր եղի՛ր, որ քո հավատքը հենված չլինի մարդու վրա, որ մարդու համար չծառայես կամ գնաս եկեղեցի, քանզի երբ նա ընկնի, քո հավատքը նույնպես կընկնի, իսկ մարդը սխալական է և միայն Քրիստոսով է մաքրվում:
Բայց երբ քո հավատքը նայում է միայն Քրիստոսին, օրինակ է վերցնում միայն Նրանից, այն ավելանում է, դառնում հաստատուն և ո՛չ մի փորձություն, ո՛չ մի փոթորիկ չի կարող սասանել այն:
Խոսքն ասում է. «Նա Իր առջև եղած ուրախության համար խաչը հանձն առավ»: Նա է հավատքի կատարյալ օրինակը, Նա պետք է լինի մեր հավատքի օբյեկտը, Ում պետք է նայել, հետևել, հենվել ու սովորել: Ավելի Մեծ, քան՝ Մովսեսը, ավելի Մեծ, քան՝ Աբրահամը:
Ձեր հայացքը մի՛ ուղղեք ո՛չ Աբրահամին, ո՛չ Մովսեսին, ո՛չ Դավիթին, ո՛չ ձեր շրջապատում գտնվող հոգևորին. բոլորը մեղք գործեցին, բայց Քրիստոսը կատարյալ է, Նա է կատարյալ հավատքը:
Իր կյանքով, խաչելությամբ, թաղումով և հարությամբ Հիսուսը ապահովեց բոլոր խոստումները, որոնք Աստված տվել էր Իր Խոսքի միջոցով Իր ժողովրդին:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Աղբյուրը՝ https://illbehonest.com/