1517 թ-ի հոկտեմբերի 31-ը համարվում է բողոքական եկեղեցու ծննդյան օրը: Այս օրն էր, որ Մարտին Լյութերն առաջ քաշեց հայտնի 95 թեզիսները և առաջարկեց հավատքի ու սկզբունքների բարեփոխումներ:

Տեղին է հիշատակել, որ այդ օրը նոր կրոն չառաջացավ (ինչպես ոմանք պնդում են), այլ առաջ եկավ մի նոր փուլ քրիստոնեական հավատքում, որի հիմնական ասելիքը հետևյալն էր՝ «Եկեք վերադառնանք ակունքին, եկեք ոչ միայն ասենք, այլև ապրենք»:

Մոլորված են այն մարդիկ, ովքեր կարծում և ընդունում են բողոքական  եկեղեցիներին որպես աղանդավոր, որովհետև ուսումնասիրելով նրանց հավատքի հիմքերը, հավատալիքներն ու սովորությունները, ամենքի համար էլ պարզ է դառնում, որ գործ ունեն Աստծուն սիրող, Աստվածաշունչը կարևորող և քրիստոնեությունը կյանք ու կենցաղ մտցրած մարդկանց հետ:

Նրանք չեն սահմանափակվում միայն գիտությամբ, այլ փորձում են իրենց ամեն օրը ապրել այնպես, ինչպես պատվիրում է Աստված և Աստվածաշունչը: Նրանց համար քրիստոնեությունը ոչ թե պարզապես կրոնական ուղղություն է կամ ժառանգած ավանդություն, այլ ամենօրյա կենցաղավարություն և կյանք:

Բողոքականությունը կիսում է համաքրիստոնեական պատկերացումները Աստծո, Նրա Եռամիասնության, Սուրբ Հոգու, դրախտի և դժոխքի (միաժամանակ հերքելով քավարանի գաղափարը), մեռելների հարության, հավիտենական դատաստանի մասին:

Դրա հետ միասին բողոքականությունը հերքեց փրկագործության մեջ հավատացյալի և Աստծո միջև միջնորդության գաղափարը, հրաժարվեց եկեղեցական բազմաստիճան հիերարխիայից, սրբերի եւ սրբապատկերների պաշտամունքից:

Բողոքականության բոլոր ուղղությունների դավանաբանությանը ներհատուկ է երեք հիմնարար սկզբունք` ա) փրկությունը անձնական հավատի շնորհիվ, բ) բոլոր հավատացյալների համընդհանուր քահանայությունը, գ) Աստվածաշնչի բացառիկ հեղինակությունը հավատի եւ վարդապետության հարցերում:

Ճանաչելով և ընդունելով քրիստոնեական Սուրբ Գիրքը` Հին եւ Նոր Կտակարանների 66 կանոնական գրքից կազմված Աստվածաշունչ մատյանը, բողոքականությունը միաժամանակ չի ընդունում Սրբազան Ավանդության հավասարազորությունն Աստվածաշնչին:

Բացի Աստվածաշնչից, բողոքականներն ընդունում են բոլոր ուղղադավան քրիստոնյաների համար ճշմարտության յուրատեսակ ուղեցույց հանդիսացող Նիկեական, Առաքելական եւ Աթանեսական հավատո հանգանակները, որոնք մշակվել եւ հաստատվել են տիեզերական ժողովների ժամանակ` նպատակ ունենալով ամեն տեսակի հերձվածներից պաշտպանել եւ անաղարտ պահել քրիստոնեական հավատի եւ վարդապետության հիմքերը:

Որպես փրկության միակ ուղի՝ հայտարարվում է Քրիստոսի քավչարար զոհի հանդեպ անձնական հավատը: Քանի որ սկզբնական մեղքը խեղաթյուրեց մարդու էությունը, զրկեց նրան բարու հանդեպ ընդունակությունից, ապա մարդը չի կարող փրկության հասնել ո´չ խորհուրդների և ծեսերի, ո´չ բարի գործերի, ո´չ սեփական արժանիքների միջոցով, այլ միայն` Հիսուս Քրիստոսի փրկագործող զոհի հանդեպ անձնական հավատի շնորհիվ:

Հատկանշական է նաեւ, որ Սուրբ Գրքի ընթերցումը և ուսումնասիրումը համարվում է բողոքական հավատացյալի կարևորագույն պարտականություններից մեկը:

Կարելի է ասել, որ բողոքական դավանաբանության հիմնադրույթները բյուրեղացված են բարեփոխման հինգ հիմքերում`

1. Միայն Գրվածքները (Sola Scriptura)
2. Միայն Քրիստոսը (Sola Christa)
3. Միայն հավատով (Sola Fide)
4. Միայն շնորհով (Sola Gratia)
5. Փառքը միայն Աստծուն (Soli Deo Gloria):

Բողոքականության մեջ պաշտամունքը պարզեցված է, և դրա հիմնական մասն են քարոզը, սաղմոսների եւ օրհներգերի երգեցողությունը, միաբան և անհատական աղոթքը:

Բողոքականների մեծ մասը հատուկ իմաստ չի տեսնում ինչպես հանգուցյալների համար, այնպես էլ սրբերին ուղղված աղոթքների մեջ: Միեւնույն ժամանակ սրբերի հանդեպ դրսևորում են հարգալից վերաբերմունք` պատվելով նրանց որպես արդար կյանքի և ազդեցիկ ուսուցչության օրինակներ:

Համընդհանուր քահանայության սկզբունքի շնորհիվ բողոքական եկեղեցիների ներքին կազմակերպական ձեւը ժողովրդավարական է, այն առաջարկում է եպիսկոպոսների, հովիվների, երեցների, քարոզիչների, եկեղեցու ղեկավար մարմինների կողմից համայնքի հանդեպ հաշվետու գործելաոճ:

Կատարյա՞լ են բողոքականները, չունե՞ն սխալներ ու թերություններ, միա՞կն են, որ ապրում են ճշմարիտ քրիստոնեական կյանքով. իհարկե, ո՛չ: Նրանք էլ մարդիկ են, ովքեր ունեն թերություններ, սխալներ, տկարություններ, նրանք էլ մարդիկ են, ովքեր իրենք էլ ժամանակ առ ժամանակ կարիք ունեն ռեֆորմացիայի, մարդիկ են, ովքեր քրիստոնեական կյանքով ապրելու համար կարևորում են Աստծուն և Աստվածաշունչը՝ իրենց առաջ որպես հիմք ունենալով առաջին դարի եկեղեցին, առաքյալների գործելաոճը, սովորություններն ու պաշտամունքի ձևերը:

Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.