Որտե՞ղ է գտնվում խաղաղության բանալին
Մարդիկ ամենուր, ամեն օր խոսում են խաղաղության մասին:
Որոշները խոսում են դրա կարևորության մասին, մինչդեռ մյուսները՝ թե ինչպես այն կարելի է ձեռք բերել, լինի դա համաշխարհային մասշտաբով, թե՝ ներանձնական:
Սակայն Աստվածաշունչը և Աստծո Խոսքի վրա հիմնված մեր անձնական փորձը մեզ տալիս են հաստատ համոզվածություն, որ չկա իրական խաղաղություն առանց Խաղաղության Իշխանի՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի: Եսայի մարգարեն հենց այդ անունով է պատվում Հիսուսին՝ Խաղաղության Իշխան (Եսայի 9․6):
Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ չկա խաղաղություն առանց Նրա, քանի որ Նա է խաղաղության Իշխանը, Տերն ու Տիրակալը, և որ Նրա ներկայությունն ինքնին արդեն բերում է անսասան խաղաղություն: Խաղաղությունը Հիսուսի իշխանության անբաժան մի մասն է, այն հանդիսանում է Նրա տիրակալության բաղկացուցիչը:
Սակայն մի´ խաբվեք, լոկ Նրա ներկայությունը դեռևս չի ապահովում այնքան ցանկալի խաղաղությունը (քանի որ Հիսուսն ամենուր է)։
Նա պետք է ընդունված լինի որպես Իշխան, Թագավոր ու Միապետ, այդ ժամանակ ահա Նրա գահակալությունը մեր սրտերում, տներում, եկեղեցիներում կամ երկրներում կբերի այնքան դժվարությամբ ձեռք բերվող խաղաղությունը:
Միայն Նրան հնազանդվելու, սիրելու ու պատվելու մեջ է գտնվում խաղաղության բանալին:
Աստծո խաղաղությունն եմ ցանկանում քեզ քո անձնական կյանքում ու ընտանիքում:
Էդուարդ Հարությունյան